Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան. Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդից պետք է վախենա ամեն օր


«Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդից պետք է վախենա ամեն օր», - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը») այսպես է արձագանքում գործող իշխանության հասցեին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած քննադատությանը։

«Քնելուց և արթնանալուց ինքը պետք է վախենա, որովհետև այն ամենը, ինչն ինքն ու իր մերձավոր շրջապատն արել է, ոչ մեկը չի մոռացել», - ասաց Սիմոնյանը։

10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ընդամենը 6 օր վարչապետ աշխատած ու անցած տարվա ապրիլին ժողովրդի ճնշմամբ հրաժարական տված Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իր անձի համար վախենալու բան չունի, վախենում է «անպատասխանատու պոպուլիստների՝ հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»:

Հրաժարականից հետո այս մեկուկես տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը երեկ առաջին անգամ անդրադարձավ ներքաղաքական հարցերին: Առիթը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունն էր, որից հետո երիտասարդներից մեկը հարցրեց՝ արդյո՞ք չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի։

«88 թվականից հետո վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը։ Հիմա էլ եմ վախենում, վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն», - հայտարարել էր նախկին նախագահը:

Վախերի թեման շարունակելով՝ Սերժ Սարգսյանն իր կարծիքն էր հայտնել, թե ում է վախկոտ համարում՝ ասելով, որ վախկոտ է համարում նրանց, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են որոշումները, իսկ ինքը որոշում փոխող չէ։

Ալեն Սիմոնյանի խոսքով, բոլորի մոտ որոշում չփոխելու մասին վերոնշյալ հայտարարությունը ժպիտ է առաջացնում։ Պատգամավորը հիշեցրեց Սերժ Սարգսյանի վարչապետ չառաջադրվելու, ամառանոց նվիրելու, ապա այն հետ վերցնելու փոփոխված որոշումները. - «Ստերի և որոշումների այդ շարանը կարող է մեկ-երկու տասնյակն անցնել՝ սկսած 90-ականների սկզբից մինչև 2018 թվականը, ինքը մի մարդ է, որի հենց գործողությունների մեջ հաճախակի որոշումներ փոխելը և անարդար որոշումներ կայացնելն ու ՀՀ քաղաքացիներին ստելը բերեց նրան, որ ինքը հրաժարական տվեց»:

Անցած մեկուկես տարվա ընթացքում նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչների դեմ քրեական գործեր հարուցվեցին, իրավապահների տեսադաշտում են հայտնվել նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ եղբայրները և նրանց զավակները:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ձերբակալության հնարավորությանը, ապա Ալեն Սիմոնյանը նշեց. - «Ես որևէ տեղեկություն չունեմ իր ձերբակալման կամ չձերբակալման հետ կապված, բայց և կասկած չունեմ, որ տարբեր քրեական գործերի պոչերից որևէ մեկը հենց այն պահին, որ եկավ, հասավ Սերժ Սարգսյանին, իրավապահ մարմինների գործողությունները լինելու են միանշանակ։ ՀՀ-ում չկա մեկը, որ ունի անձեռնմխելիություն, նաև առավել ևս Սերժ Սարգսյանը»։

ԿԳՄՍ նախարար, իշխող կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը նախընտրեց կարճ արձագանքել իրենց հասցեին հնչած քննադատությանը․ - «Կտրուկ շրջադարձեր, կարծում եմ, տեսել եք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Տեսել եք, թե ինչպես է համակարդգն այդ կտրուկ շրջադարձերի ժամանակ շուռ եկել։ Մեր կառավարությունը հավատարիմ է իր հեղափոխական գաղափարներին և այդ ուղղությամբ շարունակում է աշխատանքը։ Ինչի մասին է խոսքը, իրեն հարցրեք, այսքանից ավել մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել»։

Լրագրողներից մեկն էլ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրեց՝ եթե Սերժ Սարգսյանին ձերբակալեն, կլինի՞ ներգաղթ՝ թերևս ակնարկելով Սարգսյանի հեգնախառն համեմատությունը, որ եթե հայրենադարձների հոսքը կմեծանա, թող իրեն ձերբակալեն:

«Այս երկրում, այս հասարակարգում մարդուն այսպես ձերբակալել չի կարելի, այսինքն՝ պատճառներ պետք է լինեն դրա համար»,- արձագանքեց Սինանյանը։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ Սարգսյանը ոչ թե ծրագրային, այլ հանպատրաստից ելույթ ունեցավ․- «Այն, ինչ որ ինքը մինչ այդ ասել էր, որ Նիկոլը ճիշտ էր, ինքը՝ սխալ, դեռևս չի հերքել, եթե հերքի, նոր կլինի ծրագրային», - եզրափակեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG