Շուրջ քառորդ դար իշխանությանը մաս կազմած և անցած տարվա թավշյա հեղափոխության արդյունքում այդ իշխանությունը կորցրած Սերժ Սարգսյանը երեկ քննադատել է իշխանություններին՝ հայտարարելով, թե վախենում է «անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»:
«Ինչպես հայտնի է, ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը: Ես 88 թվականից հետո իրոք վախեցել եմ՝ վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին, նայելով այդ վախի աչքերի մեջ, մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով», - ասել է Հայաստանի երրորդ նախագահը՝ շարունակելով․ - «Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում, վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»:
«Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն», - հայտարարել է նախկին նախագահը:
«Գիտե՞ք, ինչպես ասեցի, միայն կատարյալ հիմարը չի ոչ մի բանից վախենում: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ և երբեք չեմ փոխել իմ որոշումը», - ասել է Սերժ Սարգսյանը և հավելել․ - «Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ կստանա, և հայրենադարձների հոսքը այնքան կմեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»:
«Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է», - նշել է Հայաստանի երրորդ նախագահը:
«Այո, ամեն օր Սերժ Սարգսյանը պիտի վախենա»
«Ազատության» խնդրանով արձագանքելով նախկին նախագահի հայտարարություններին՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ - «Տպավորությունս հետևյալն է, որ մարդ, ով որ մեկ գիշերվա ընթացքում շրջադարձ է կատարում դեպի ԵԱՏՄ, մարդ, որը որ խոստանում է, որ ինքը վարչապետ չի ընտրվելու Սահմանադրության փոփոխության պարագայում, և հետո փորձ է անում ընտրվել, մարդ, ով որ իրեն առանձնատուն է նվիրում և հետո որոշումը փոխում է և հետ է վերադարձնում, ասում է, որ ինքը որոշում փոխող չէ և շուտով կխոսի հասարակության հետ, զրույց կունենա: Ես խնդրում եմ Սերժ Սարգսյանին, որ ինքը ավելի հաճախ խոսի և ավելի հաճախ ելույթ ունենա»:
Ներկայիս իշխանությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի օգտագործած «անպատասխանատու պոպուլիստներ», «կործանարար քաղաքականություն» արտահայտություններին անդրադառնալով՝ խորհրդարանի փոխխոսնակը հայտարարեց․ - «Սերժ Սարգսյանը ստախոս է, Սերժ Սարգսյանը խրոնիկ ստախոս է: Նա տարիներ, տասնամյակներ շարունակ սուտ է խոսել, և Սերժ Սարգսյանը ստախոս է»:
«Թող ավելի հաճախ խոսի, թող հիշեցնի բոլոր մարդկանց, թե ով է եղել ինքը և ինչպիսին է եղել էն իշխանությունը, որը ինքը ներկայացրել է և որի բեկորները այսօր փորձում են մեզ քննադատել», - շեշտեց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է երրորդ նախագահի «վախերին», ԱԺ փոխխոսնակը հայտարարեց․ - «Ինքը պիտի վախենար էն ժամանակ, երբ որ բանակն էր թալանում, երբ որ իր գործընկերները բանակն էին թալանում, ու ես խիստ կասկած ունեմ, որ ինքը դրանից տեղյակ չէր, ինքը պիտի վախենար էն ժամանակ, երբ որ մարդկանց բանտերն էր նետում, երբ որ իր հարազատները Հայաստանի Հանրապետության տարբեր տենդերներում միջամտություն էին ունենում, ինքը էդ ժամանակ պիտի վախենար, ու, այո, Սերժ Սարգսյանը պիտի վախենա, ամեն օր Սերժ Սարգսյանը պիտի վախենա»: