Այսօր Ազգային ժողովի պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովների համատեղ փակ նիստին Եվրախորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» կամ հանրության շրջանում Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի փաստաթուղթը:
Հայաստանում բուռն քննարկումների առարկա դարձած կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից 34-ը արդեն վավերացրել են: 11 պետություն, այդ թվում Հայաստանը, ստորագրել և դեռ չեն վավերացրել։
Եվրախորհրդի անդամներից Ադրբեջանն ու Ռուսաստանը առհասարակ չեն ստորագրել այս կոնվենցիան, իսկ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը փաստաթուղթը հակասահմանադրական է ճանաչել:
Փակ քննարկման ավարտին Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը») շտապեց վստահեցնել, որ սա հերթական աշխատանքային քննարկում է, կոնվենցիան Ազգային ժողովի օրակարգում չկա: Որպեսզի այն պաշտոնապես դրվի շրջանառության մեջ, պետք է նախ հաստատվի կառավարության կողմից, հետո Սահմանադրական դատարանը պետք է որոշի փաստաթղթի սահմանադրականության հարցը, այնուհետև վավերացվի խորհրդարանի կողմից:
«Կոնվենցիայի նպատակը հետևյալն է․ հատկապես արևելյան հասարակություններում, հատկապես ավանդական հասարակություններում շատ հաճախ լինում էին դեպքեր, երբ կանանց դերակատարությունը հասարակությունում նվազեցվում էր: Եվ այդ նվազեցումը հանգեցնում է նրան, որ կանանց նկատմամբ բռնությունը էապես շատանում է: Ընդ որում, այն բռնության մասին է խոսվում, որը դատապարտելի է բոլոր հասարակություններում: Եվ կարիք կար որոշակի առումով անդրադառնալ այդ բռնության կանխարգելման համար համապատասխան գործիքներ ստեղծելուն»:
Կոնվենցիային բազմիցս դեմ արտահայտված Գևորգ Պետրոսյանը («Բարգավաճ Հայաստան»), ով նիստից վաղաժամ էր դուրս եկել, լրագրողներին ասաց, որ այսօրվա հանդիպման մասնակիցները իր կարծիքը չեն փոխել, ինքը շարունակվում է դեմ լինել, քանի որ այնտեղ թաքնված վտանգներ է տեսնում․ - «Եթե կոնվենցիան վավերացնեն, երկու սեռափոխված կամ երկու համասեռամոլ գնալու են իրենց սերը փորձեն սրբագործել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում, և եթե այդ մարմինը մերժի նրանց ամուսնության գրանցումը, վազելու են Վարչական դատարան՝ ԶԱԳՍ-ի անգործությունը վիճարկելու պահանջով»:
Վլադիմիր Վարդանյանը հակադարձում է գործընկերոջը․ - «Կոնվենցիան չի պարտադրում և չի պարտադրելու որևիցե եղականով որևիցե պետությանը օրինականացնել մեկ սեռի ներկայացուցիչների ամուսնությունը, նրանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռելը, որևիցե եղանակով չի անդրադառնալու այն հարցերին, որոնք վերաբերվում են ոչ ավանդական սեռական քարոզչության տարածմանը: Եթե ավելի պրիմիտիվ լինենք, այն վերաբերում է հետևյալին՝ կնոջը չի կարելի ծեծել, կնոջ նկատմամբ չի կարելի բռնություն իրականացնել, բռնությունը պետք է ընտանիքում արգելված լինի»:
Քննարկման մասնակիցներ Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և կոնվենցիայի մոնիտորինգի կառույցի՝ ԳՐԵՎԻՈ-ի ղեկավար Մարսելին Նաուդին լրագրողների հարցերին պատասխանել չցանկացան:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ այս տարվա հուլիսին դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար:
Հանձնաժողովի կայքում կարծիքն արդեն տեղադրված է: Արդարադատության նախարարությունից «Ազատությունը» փոխանցեցին, որ առաջիկայում նախարարությունը կհրապարակի պաշտոնական թարգմանությունը:
Մինչ այդ հանձնաժողովի եզրակացությունում կարդում ենք․ - «Թեև Սահմանադրությանը համապատասխանեու հարցը պետք է որոշի հայաստանի Սահմանադրական դատարանը, սակայն Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ փաստաթղթում չկան դրույթներ, որոնք հակասում են Հայաստանի Սահմանադրությանը»:
Չնայած միջազգային կառույցի մասնագետների գնահատականին՝ կոնվենցիային դեմ արտահայտվողները համոզված են, որ այն հակասում է ազգային արժեքներին։
ԱԺ-ի փակ նիստին զուգահեռ խորհդարանի դարպասների մոտ բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ կոնվենցիայի վավերացման: