«Ստամբուլյան կոնվենցիան համապատասխանո՞ւմ է արդյոք Հայաստանի Սահմանադրությանը», - հարցի պատասխանն Արդարադատության նախարարությունը ակնկալում է ստանալ հենց Սահմանադրական դատարանից։ Վենետիկի հանձնաժողով դիմելու կարիք, ըստ արդարադատության փոխնախարարի, առաջացավ այն ժամանակ, երբ սկսեցին երրորդ սեռի ու նույնասեռականների ամուսնության վերաբերյալ քննարկումներ։
«Դիմեցինք խորհրդատվական կարծիքի համար», - նշեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։
Փոխնախարարը շեշտեց՝ նախորդ տարի ստորագրված կոնվենցիայի վավերացման գործընթացը սկսվել է. «Ասել, որ ուղղակի մենք ստորագրել ենք, որպեսզի հետո չվավերացնենք առնվազն ազնիվ չէ մեր միջազգային գործընկերների, այլ մեր հասարակության նկատմամբ»։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում էլ կոնվենցիան քննարկվել է, միասնական տեսակետ առայժմ չկա, մանրամասներ նույնպես։
«Չեմ կարող ձեզ պատմել, որովհետև փակ խոսակցություն է, ի՞նչ պատմեմ ձեզ», - ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։
«Իմ քայլը»-ից Մարիա Կարապետյանը կողմ է վավերացմանը և շաբաթներ ձգվող հանրային քննարկումը համարում է շատ կարևոր։ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիան ոչ մի նոր իրավունք որևէ մեկին չի տալիս, այն բռնության զոհերին պաշտպանելու և հատկապես առանց խտրականության պաշտպանելու մասին է, ասում է պատգամավորը։
«Այսինքն որ արունլվիկ մեկը ներս ընկնի ոստիկանություն՝ անկախ իրա մաշկի գույնից, հարց էլ պետք չի տալ իրա սեռական կողմնորոշման մասին, հենց ողջ իմաստը դա է՝ խտրականություն չկիրառել, մարդուն չհարցնել իր անձնական տվյալները, որոնք իր հետ կատարված հանցագործության, ոստիկանի կողմից հետամուտ լինելու մեջ ոչ մի դեր չունեն», - ընդգծեց Կարապետյանը։
Հոդված երեք ակումբում կոնվենցիայի քննարկմանը մասնակցում էին նաև հակառակ տեսակետ ունեցողներ։
«Կինը կարող է իրեն նույնացնել տղամարդու գենդերի հետ և մենք պետք է դա ընդունենք։ Խնդի՞ր կա էստեղ ընկալելու, ես չեմ հասկանում», - ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Ֆանյանը կոնվենցիայի ձևակերպումներում խնդիրներ է տեսնում, օրինակ, ասում է՝ շեշտվում է, որ առանց խտրականության պետք է պաշտպանվեն բոլոր զոհերի իրավունքները՝ անկախ ռասայից, սոցիալական ծագումից, առողջական վիճակից, այս շարքում նշվում է՝ անկախ սեռական կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից։ Փաստաբանի կարծիքով՝ այս խմբերը հայկական ավանդական ընտանիքի մեջ են ներառվում։
«Բացառվո՞ւմ է այդ ընտանեկան միավորի մեջ ԼԳՏՊ անձանց ներառումը, որտեղի՞ց եք վերցնում, որ բացառված է։ Խտրականությանը դեմ ենք, դա բոլոր մակարդակներում մենք հայտարարել ենք։ Այս փաստաթղթի իմաստով ընտանեկան միավոր հասկացությունը մեզ համար՝ խնդիր ասեմ և նախարարությունը չհերքեց, որ չի բացառվում այդ ընտանեկան միավորի մեջ LGBT անձանց ներառումը», - նշեց փաստաբանը։
Արդարադատության փոխնախարարը նկատեց՝ եթե խտրականությանը դեմ եք, ի՞նչ խնդիր կա, կոնվենցիան առանց խտրականության զոհերին պաշտպանելու մասին է խոսում։ ԼԳՏՊ համայնքը անկախ որևէ մեկի ցանկությունից կա։
«Սա նշանակում է, որ մեր երկիրը պետք է էս կատեգորիայի անձանց իրավունքները պաշտպանի հավասարապես, ինչպես մյուս անձանց իրավունքները», - ասաց Գրիգորյանը։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը կոնվենցիայի վավերացուման անհրաժեշտությունը հիմնավորում է երկրում այդպես էլ չլուծվող հարցերով։ Այս տարվա առաջին վեց ամիսներին 10 կին է սպանվել հենց ընտանիքում, նրանցից մեկը պարբերաբար ոստիկաններին է դիմել, ապարդյուն։
«Կինը բազմիցս դիմելով իրավապահ մարմիններին, պաշտպանություն հայցելով, այդպես էլ չստանալով, սպանվեց բռնարարի կողմից», - ասաց Հովհաննիսյանը։
Զուգընկեր բառն էլ կոնվենցիայում ներառված է ու էլի քննարկումների թեմա է դարձել, թե ինչ է սա։
Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանի խոսքով՝ ընտանեկան բռնություն ասվածը ոչ միայն կին ամուսին փաստաթղթավորված հարաբերություններում է, այլև համատեղ կենցաղը կիսող մարդկանց միջև։ Իրենց կենտրոն դիմում են բռնությունից տուժած, չզագսավորված անձինք ևս։
«Նշանված, ինչ-որ հարաբերությունների մեջ են, ընկեր-ընկերուհի հարաբերությունների մեջ գտնվող են, նույնը հնարավոր է սիրուհի հարաբերությունների մեջ գտնվող է, և մենք պետք է պաշտպանություն տրամադրենք բոլոր այն անձանց, ովքեր ենթարկվում են բռնության իրենց այս վերահսկողական ու բռնարար հարաբերությունների մեջ», - ընդգծեց Փիլիպոսյանը։
Այսօրվա քննարկմանը մասնակցելու էր եկել նաև քաղաքացի Զառա Հարությունյանը, նրան բոլորովին դուր չի գալիս կոնվենցիայի վավերացման դեմ սկսված ստորագրահավաքը։ Ասում է՝ այդտեղ ատելության խոսք է հնչում։
Քննարկումը եզրափակվեց «խտրականությանը դեմ ենք բոլորս» կոնսենսուսով և քննարկումները շարունակելու պատրաստակամությամբ, մինչև պարզաբանվեն բոլոր հարցերը։