Մատչելիության հղումներ

Թեժ քննարկումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ


Ստամբուլյան կոնվենցիան շաբաթներ շարունակ թեժ քննարկման թեմա է Հայաստանում։ «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան անդամ 47 երկրներից 34-ն արդեն վավերացրել են, 11 պետություն, այս թվում՝ Հայաստանը ստորագրել և դեռ չի վավերացրել։ Այն խորհրդարանի օրակարգում էլ դեռ չկա։

Արդարադատության նախարարությունը աղյուսակավորած փաստարկներով կոնվենցիայի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացրեց, մինչև այդ էլ նախարար-փոխնախարարներով ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեցին՝ աղմուկն արհեստական է։

«Նպատակ է հետապնդում ուղղակի հարվածներ հասցնել իշխանությանը տարբեր կողմերից և բացասական ֆոն ստեղծել այս ամենի շուրջ», - նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Կոնվենցիայով պետությունները պարտավորվում են բռնությունը կանխարգելել առանց որևէ, այս թվում՝ գենդերային խտրականության։ Իսկ կոնվենցիան վավերացնելն, ըստ նախարարության, դրսից պարտադրանք չէ, մեզ է պետք։

«Սա Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունն է իր քաղաքացիների առջև՝ ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը», - ասաց Բադասյանը։

Կոնվենցիան, սակայն, ընդդիմախոսների բանակ է հավաքում Stop Stambul կայքէջում, նախաձեռնողը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է, ասում է՝ իր պայքարը քաղաքական չէ, նույն մտահոգություններն էր հայտնում նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարության նախագծի քննարկումների ժամանակ։

«Ես ինքս ակտիվ դեմ եմ եղել այդ օրինագծին, ավելին, մասնագիտական քննարկումներ եմ կազմակերպել, նույնիսկ հյուր եմ եղել «Ազատության» տաղավարում և մամուլը լցված է այդ մասին նյութերով։ Այսինքն այն ժամանակ խոսել եմ, եթե քաղաքական նպատակ ունեմ այսօրվա իշխանությունների դեմ, բնականաբար, դրանով հերքվում է։ Իմ խնդիրը՝ ընտանիքի դեմ ես վտանգ էի տեսնում և այդ առումով իմ մտահոգությունը բարձարձայնել էի», - ասաց Արա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց՝ բռնության կանխարգելմանը կողմ է, կոնվենցիան այս առումով ունի մեխանիզմներ, որ պետք է կիրառել մեր օրենսդրության մեջ, սակայն, ըստ նրա, կան անընդունելի ձևակերպումներ։ Օրինակ՝ ընտանեկան բռնության բացատրության մեջ՝ ընտանիք, նախկին ամուսիններ, զուգընկերներ շարքում կա նաև ընտանեկան միավոր ձևակերպումը։ Ըստ Զոհրաբյանի, սա ռիսկ է, որ ԼԳՏՊ համայնքն էլ ընտանիքի մաս դառնա։

«Թող առանձին ընդունեն օրենք LGBT անձանց իրավունքների պաշտպանության, եթե գտնում են, դրա կարիքը կա, բայց ոչ թե գրեն ընտանեկան բռնություն ու ընտանիքի մեջ ներառեն իրենց, որովհետև այդ դեպքում կարող է վաղը նույն ընտանիք հասկացության մեջ արդեն անուղղակի տեղ է հատկացվում այդ մարդկանց համար։ Ես դեմ եմ, որ ընտանիք հասկացությունը մենք փորձենք այլ սեռերով լցնել», - նշեց Զոհրաբյանը։

Ստամբուլյան կոնվենցիայի մոնիտորինգի կառույցի ղեկավար Մարսելին Նաուդին «Ազատության» խնդրանքով որոշ մեկնաբանություններ ներկայացրեց։ Նախ շեշտեց՝ կոնվենցիան վավերացրած երկրները նկատելի առաջընթաց են ապահովել կանանց բռնության կանխարգելման առումով։

Ինչ վերաբերում է հայաստանյան քննարկումներին, Նաուդին ասաց. «Ստամբուլի կոնվենցիան չի սահմանում, թե ինչ է ընտանիքը, չի ասում, որ ընտանիքը բաղկացած է X, Y, Z -ից։ Կոնվենցիան փորձում է պաշտպանել կանանց։ Մենք նաև ասում ենք՝ այն պետք է կիրառվի բոլոր կանանց նկատմամբ՝ անկախ նրանից գնչուհիներ են նրանք, թե մահմեդական։ Անկախ իրենց էթնիկ, պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, միասեռական են, թե հետերոսեքսուալ, ոչ ոք չպետք է զրկված լինի օգնությունից, աջակցությունից»:

Մարսելին Նաուդին կարծում է, որ Հայաստանն էլ, մյուս երկրների պես՝ այս կոնվենցիայի վավերացումից կշահի։ Ի դեպ, կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ ունի հայ առաքելական եկեղեցին. հայտարարություն են տարածել եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները։ Նրանք իշխանություններին կոչ են անում չվավերացնել կոնվենցիան։ Հոգևոր հայրերը հոդվածների ենթատեքստերում տեսնում են վտանգներ՝ սեռը ընտրելու ազատություն և ընտանիքի հայկական ընկալման դեմ բանաձևումներ։ Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, հիշեցնում են հոգևորականները։ Արդարադատության նախարարությունից էլ մեկ այլ հիշեցում՝ նույնն է մեր Սահմանադրությամբ։

«35-րդ հոդվածի համաձայն միայն ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը կարող են կազմել ընտանիք», - նշեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Արդարադատության նախարարը նույն ֆեյսբուքյան հեռարձակմամբ տեղեկացրեց՝ կոնվենցիայի վերաբերյալ կառուցողական երկխոսություն են սկսել եկեղեցու հետ, պարզ չէ՝ ինչպիսի բովանդակությամբ. ո՛չ կոնվենցիան է հնարավոր փոխել, ո՛չ էլ Սուրբ Գիրքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG