Մատչելիության հղումներ

Ստամբուլյան կոնվենցիան չի ենթադրում միասեռականների ամուսնության թույլտվություն. նախարար


Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ենթադրում միասեռականների ամուսնության, ամուսնանալու արդյունքում երեխայի որդեգրման թույլտվություն, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ ի պատասխան օգտատետերից մեկի հարցին։

Ֆեյսբուքյան օգտատերը մասնավորապես հետաքրքրվել էր նախարարից, թե «արդյո՞ք Ստամբուլյան կոնվենցիան պարունակում է այնպիսի դրույթներ, որի մասին պնդում է հանրության փոքր, բայց բոլորից բանիմաց զանգվածը՝ խոսքը վերաբերում է միասեռականների ընդունմանը, տվյալ զանգվածի ամուսնության թույլտվությանը և այլն»։

Բադասյանը նշեց՝ կոնվենցիան հստակ կառուցակարգեր է սահմանում բռնության, ընտանեկան բռնության մասին։

«Ինչի՞ հետ են կապված շահարկումները՝ սկսած անվան շահարկումից: Կոնվենցիայի անունը՝ «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի և ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիա», այս երկար անվանումը փորձել են կարճ ասել Ստամբուլյան, բայց հստակ շեշտադրվում է Ստամբուլ բառը, որպեսզի հասարակության շրջանում արդեն որոշակի վերաբերմունք փոխվի։ Կոնվենցիան հստակ կառուցակարգեր է սահմանում։ Այն կանանց և ընտանեկան, կենցաղային, կարելի է ասել, բռնության տարբեր տեսակներ կանխարգելելու, մարդկանց իրավական պաշտպանության կառուցակարգեր սահմանելու մասին է, որպեսզի այն անձը, հիմնականում կանանց մասին է խոսքը, որը բռնության է ենթարկվում ընտանիքում, իսկ ընտանիքում բռնության կարող են ենթարկվել ոչ միայն կինը, այլ տղամարդը, տատիկը, թոռը, երեխան, տարբեր կատեգորիայի անձինք կան, որպեսզի նրանք կարողանան դիմել պաշտպանության՝ վստահ լինելով, որ պաշտպանության դիմելիս իրենց հետ աշխատելու են պրոֆեսիոնալները, այդ պրոֆեսիոնալներն ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն նման գործեր քննելու, այդ անձինք ստանան հոգեբանական աջակցություն, անվճար իրավաբանական օգնություն և այլն։ Իսկ ինչո՞ւ չվավերացնենք, որևէ մեկը բացատրե՞լ է։ Ասում են՝ «մեր ազգային արժանապատվությանը, արժեքներին, ընտանեկան արժեքներին դեմ է»։ Ո՞ր արժեքին, մի՞թե ինչ-որ մեկը կարծում է, որ բռնությունը մեր ընտանեկան արժեքն է կամ ազգային։ Որոշ մասնագետներ ասում են, որ թարգմանությունը հաջող չէ՝ անգլերենից հայերեն, ես համաձայն եմ», - ասաց Բադասյանը։

Օգտատերերից մեկի հարցին էլ, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, նախարարը պատասխանեց․ - «Ինձ համար հստակ է այն հոդվածը, որի շրջանակներում առաջադրված է մեղադրանքը, ինձ համար հոդվածի բովանդակությունը շատ հստակ է, և, իհարկե, չկանխորոշելով կամ գնահատական չտալով որևէ դատական ակտի կամ որևէ գործողության՝ ինձ համար ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման մասին խոսել այս գործի շրջանակներում ուղղակի ավելորդ է»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG