ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի․ պետբյուջեից՝ 250 հազար եվրո գործարարին

Ստրասբուրգի դատարանը հերթական վիճռն է հրապարակել ընդդեմ Հայաստանի: Պարտավորեցրել է կառավարությանը պետբյուջեից 250 հազար եվրո փոխհատուցում հատկացնել Հայաստանի քաղաքացիներ Վերսանդիկ Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին:

Այս գործն էլ Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի ընթացքում թույլ տված իրավախախտումներից է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Հակոբյանի և Ամիրխանյանի խախտված իրավունքները:

Այս գործով փաստաբանական խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասում է, որ դիմումը ՄԻԵԴ է հասել 2007-ին, երբ «Հայաստանում հաջողության հասնելու հավատ չկար»․ - «2005 թվականին, երբ որ այս պատմությունը սկսվեց, իրավական նիհիլիզմ կար, հավատ չկար, որ որևէ հաջողություն կունենայինք, և պատկերացրեք, 2005 թվականին խախտված իրավունքի վերականգնման մասին խոսում ենք հիմա՝ 2019 թվականին: Ինչպես շատ քաղաքացիներ, Վերսանդիկ Հակոբյանը և իր կինը նույնպես դարձան այդ գործընթացների զոհը, որովհետև այն ժամանակ փաստորեն հանրային, հասարակության կարիքների անվան տակ գործընթացն էր տեղի ունենում»:

Հեղինե Ամիրխանյանն ու Վերսանդիկ Հակոբյանը ամուսիններ են: Վերսանդիկ Հակոբյանը գործարար է, Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականատերերից է: Մյուս սեփականատերը եղբայրն է: 2007-ից մինչև 2012 թվականը պատգամավոր է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Աբովյան փողոցի սկզբնամասում, Հյուսիսային պողոտայի դիմացի մայթին ունեցել է 222 քմ հողատարածք և մոտ 125 քառակուսի մետր մակերեսով տուն: 2005 թվականին այս տարածքը գերակա հանրային շահի ծրագրով օտարվել է: Ինչպես այս տարածքի շատ բնակիչներին, այնպես էլ Վերսանդիկ Հակոբյանին առաջարկվել է տարածքի իրական արժեքից ցածր փոխհատուցում:

«Արդար փոխհատուցում չէին տրամադրել: Արհեստականորեն շատ ցածր գներով գնահատում են և մարդկանց փաստի առաջ են կանգնեցնում», - նշեց փաստաբանը:

Ըստ դիմումի՝ Հակոբյանն տարածքը 2001-ին ձեռք է բերել շուրջ 85 միլիոն դրամով, սակայն փոխհատուցում է առաջարկվել շուրջ 55 միլիոն դրամ: Հայաստանյան դատարաններում փոխհատուցման չափը հասել է մինչև 60 միլիոն դրամի: Սակայն սա չի բավարարել գործարարին:

Վերսանդիկ Հակոբյանը չցանկացավ նկարահանվել, հեռախոսով կարճ խոսեց․ - «Եվրոդատարան ես չեմ դիմել, որ, ասենք, ինձ ֆինանսական հատուցումը քիչ են տվել կամ ինչ են արել: Ես տվել եմ, որ մեր նկատմամբ սխալ են վերաբերվել, և մեր իրավունքները խախտվել են»:

Հակոբյանն իր տարածքը վարձակալության է տվել, եկամուտ ստացել: Նաև այս պատճառով հայաստանյան փոխհատուցումը համարժեք չեն համարել: Այս տարածքում, Հակոբյանն ասաց, դեռ ոչինչ չի կառուցվել: Սիրիահայ Ավետիս Կարագուլյանին պատկանող «Ավո ՖՄՀ» ընկերությունը պետք է կառուցապատում իրականացներ:

«Սկզբից իրանց ինձ հետ պայմանավորվել էին, որ իրանք պետք է կվարտիրա տային, պիտի գարաժներ տային: Իրանք համաձայնեցին էդ բոլորին, հետո իրանք իրանց ասածներից հրաժարվեցին», - ասաց Հակոբյանը:

«Պետք է ասեմ, որ դատավարությունը ուղղակի խախտումներով էր տեղի ունենում: Նույնիսկ համասեփականատեր Հեղինե Ամիրխանյանին չէին ներգրավել առաջին ատյանում, թեև ինքը համասեփականատեր էր և իր անունը գրանցված էր սեփականության վկայականում: Վերաքննիչ դատարանում, երբ որ այդ փաստի մասով բողոքարկեցինք, դա նույնպես հաշվի չառնվեց: Ներպետական դատավարական խախտումները բազմաթիվ էին: Ընդ որում, այլ տեղ մենք վիճարկում էինք մեկ այլ խնդիր, և դա հիմք էր կասեցնելու այդ գործի վարույթը, դա էլ չկասեցրեցին: Եվրոպական դատարան բողոքը կազմելիս, իհարկե ամենակարևոր փաստը նա է, որ դիմումատուները էդ գումարը չեն ստացել, հետևյալ հիմքերով ենք բողոքը ներկայացրել․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի խախտման հիմքով, դա վերաբերում է արդար դատաքննությանը և արդյունավետ իրավունքի պաշտպանության միջոցներին, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով, որը վերաբերում է սեփականության իրավունքին», - նշեց Զոհրաբյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուն շուրջ 530 հազար եվրո փոխհատուցման պահանջ է ներկայացրել, սակայն 250 հազար եվրոյի չափով է բավարարվել: Այսինքն՝ Հայաստանի բյուջեից կհատկացվի ավելի քան 130 միլիոն դրամ:

Արա Զոհրաբյան․ - «Մեր դեպքում ստացվում է, որ մասնավոր կազմակերպությունները հարստացան, և դրա հաշվին ալիմենտները վճարում է պետությունը: Սա կարծում եմ արդար չի»:

Վճիռը հրապարակվել է օրեր առաջ, ուժի մեջ կմտնի երեք ամիս անց, ինչին կհաջորդի փոխհատուցման գործընթացը, մանրամասնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Այս գործի քննության փուլում ՄԻԵԴ ում Հայաստանի ներկայացուցիչն է եղել նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ավելի ուշ՝ Եղիշե Կիրակոսյանը:

«Երբ որ ես ներկայացուցիչ նշանակվել եմ, այս գործով կոմունիկացիան ավարտված է եղել: Անձամբ ես չեմ ներգրավված եղել», - ասաց Կիրակոսյանը:

Նրա փոխանցմամբ, սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ սա 20-րդ վիճռն է ընդդեմ Հայաստանի, 12-ը միայն Հյուսիսային պողոտայի գործով է: Կիրակոսյանի տվյալներով, այս գործերով միայն Հայաստանի բյուջեից հատկացված գումարը 2 միլիոն 420 հազար եվրո է կազմում:

«Վստահ եմ, որ կան քաղաքացիներ, որոնք ունեզրկման զոհ են եղել, բայց չեն դիմել Եվրոպական դատարան, և չեն արձանագրվել խախտումներ: Բայց դա չի նշանակում, որ իրենց իրավունքները չպետք է վերականգնվեն: Նախաձեռնություն մենք ինքներս որոշեցինք անել վերջերս, մեր ներկայացուցչի գրասենյակը՝ փորձելով էս հարցը նորից բարձրացնել՝ պետական մարմինների ուշադրությունը հրավիրելով դրան, խնդրեցինք վարչապետի հանձնարարական ուղարկվի բոլոր պետական կառավարման մարմիններին, և հավաքել տեղեկատվություն՝ արդյո՞ք այս պահի դրությամբ առկա են գերակա շահ ճանաչված գոտիներ, կամ որևէ նմանատիպ պրոցես, ընթացակարգ կա, որպեսզի այս փուլում էլ նույնիսկ փորձենք կանխել», - ասաց Եղիշե Կիրակոսյանը:

2000-ականների սկզբին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրերի իրականացման հետևանքով բնակիչների խախտված իրավունքների թեմայով մեկ ամիս առաջ խորհրդարանում լսումներ էր հրավիրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրների մասին բարձրաձայնեցին մեկուկես տասնամյակ անտուն մնացած բնակիչները, տուժածների փաստաբանները, հասարակական գործիչներ: Ազգային ժողովի նախագահը խոստացավ ելույթներն ուղարկել իրավապահ մարմիններին: Ազգային ժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ տեխնիկական պատճառներով հետաձգվել է, իրավապահներին կուղարկվի առաջիկայում: