Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր լսումներ էին գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրների թեմայով: Տուժած բնակիչները, նրանց շահերը պաշտպանած փաստաբանները, հասարակական գործիչները խորհրդարանում մանրամասնում էին, իրենց ձևակերպմամբ, այն ապօրինությունները, որոնց հետևանքով մեկուկես տասնամյակ անց դեռ անտուն են:
Ազգային ժողովի նախագահը խոստացավ այսօրվա ելույթներն ուղարկել իրավապահ մարմիններին․ - «Այդ ելույթներում արդեն իսկ նշվեցին հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն են արժանի, և ես այս ելույթների ձայնագրությունը ուղարկելու եմ լսումներից հետո իրավապահ մարմիններին»:
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2000 թվականից սկսված գործընթացի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ միլիարդատեր դարձան, իսկ գործադիրից դատական համակարգի կախվածությունը մեր պետական բյուջեին հասցրեց երկու միլիոն եվրոյի չափով փոխհատուցման վնաս․ - «Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիան հանցագործությունների մասին: Եվ ահա անցումային արդարադատության շրջանակներում մենք պիտի անպայմանորեն կարողանանք անդրադառնալ այս խնդիրներին, վերաքննել այդ խնդիրները և, փաստերի հաստատման դեպքում, գտնել և պատժել մեղավորներին»:
Տուժած բնակիչներից Սեդրակ Բաղդասարյանը հիշեցրեց, որ կառուցապատման ծրագրերն առանց մրցույթի էին իրականացվում և, ըստ նրա, կառուցապատողների որոշումները կայացնում էր այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Սեդրակ Բաղդասարյանը Բուզանդ փողոցի տուժած բնակիչներից է, «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ճանաչվել են նրա խախտված իրավունքները:
«Երվանդ Զախարյանն էր որոշում՝ այս տարածքը տալ սրան, թե ոչ: Կառավարության 2004 թվականի որոշման մեջ նշված են մի քանի կազմակերպություններ, որոնցից մեկը` «Ավագ տուր» տուրիստական կազմակերպությունը: Հետագայում Երվանդ Զախարյանն իր իսկ որոշմամբ, կառավարության որոշման մեջ անում է փոփոխություններ և նշում, որ «Ավագ տուրի» փոխարեն կարդալ «Վիզկոն» ՍՊԸ: «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը հետագայում օֆիցիալ հայտարարեց, որ ինքը 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որպեսզի նա հայտնվի այս ցուցակում»:
Լսումներին մասնակցող բնակիչները պատմեցին իրենց տեսած ու արձանագրած խախտումների մասին՝ պահանջելով վերականգնել իրենց խախտված իրավուքները և պատժել մեղավորներին:
Մարդու իրավուքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ այս ծրագրերի իրականցման արդյունքում սեփականության իրավուքի խախտումների գործերով ՄԻԵԴ-ում 19 վճիռ կա․ - «Դրանցով բավարարվել է ավելի քան 2 միլիոն եվրոյի համարժեք վնաս, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետք է վճարվի»:
«2000 թվականի նոյեմբերին կառավարության որոշմամբ հիմք դրվեց անկախ Հայաստանում սեփականության իրավունքի զանգվածային խախտումների շրջափուլի», - հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: - «Շատերը, այդ թվում ամբաստանյալ Քոչարյանը իհարկե, չեն հիշում/բայց հարյուրավոր ընտանիքներ, ավելի քան երեք հազար անձ շուրջ քսան տարի է ուղղակի տնազուրկ է»:
Այս հարցը նաև անցումային արդարադատության շրջանակում հաջորդ տարեսկզբին ստեղծվող փաստահավաք հանձնաժողովի օրակարգում կլինի: