«Ազատություն»․ - Եվրոպական դատարանը պարտավորեցրեց Հայաստանին 1,6 միլիոն եվրո վճարել քաղաքացի Յուրի Վարդանյանին: Բուզանդի 13 հասցեի նախկին բնակչի տունը և հողատարածքը գերակա շահ էր ճանաչվել, և պետությունը Վարդանյանների ընտանիքին շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով փոխհատուցում էր տրամադրել տան համար, իսկ հողատարածքի համար փոխհատուցում չէր տրվել՝ պատճառաբանությամբ, թե դա Վարդանյանների սեփականությունը չէ: Սա երևի ամենամեծ գումարն է մեր պատմության մեջ․․․
Կիրակոսյան․ - Ոչ միայն ամենամեծ գումարն է, այլ գումարային եթե վերցնենք, մինչև այս պահը եղած բոլոր վճիռների հանրագումարից նույնիսկ ավել է:
«Ազատություն»․ - Արդեն վճարվե՞լ է այդ գումարը:
Կիրակոսյան․ - Ոչ, դեռ չի վճարվել, վճիռը դեռ ուժի մեջ չի մտել: Բնականաբար, սա էնպիսի պարտավորություն է, որը Հայաստանի Հանրապետությունը պետք է միանգամից կատարի: Անվերապահ պարտավորություն է: Այս պահի դրությամբ կառավարության ներսում քննարկում են նաև տարբերակներ՝ հաշվի առնելով նաև ծանր բեռը բյուջեի վրա, բյուջեի վրա դրա ազդեցությունը մեղմելու հնարավոր տարբերակները: Գուցե մաս-մաս վճարելու․․․
«Ազատություն»․ - Իսկ եթե դիմումատուն մերժի այդ տարբերակը, պարտավո՞ր է պետությունը ամբողջությամբ վճարել:
Կիրակոսյան․ - Պարտավոր է ամբողջությամբ վճարել:
«Ազատություն»․ - Հանրության շրջանում շատ է քննարկվում, որ այս հսկայական գումարը, որն առաջացել է նախկին պաշտոնյաների գրեթե ապօրինի որոշումների արդյունքում, չպետք է մեր կառավարությունը այդ գումարը վերցնի հարկատուների գրպանից, այլ որոշակի պատասխանատվություն՝ նաև ֆինանսական, դրվի այդ պաշտոնյաների վրա: Օրինակ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ում օրոք այդ որոշումները կայացվել են: Կա՞ ինչ-որ իրավական մեխանիզմ, որպեսզի սա նաև որոշակի կանխարգելիչ քայլ լինի, և այսօրվա քաղաքապետը, կամ այսօրվա նախարարը, կամ այսօրվա կառավարությունը հասկանան, որ անհատապես, անձնապես պատասխանատվություն են կրելու այսօրինակ վճիռների և որոշումների համար:
Կիրակոսյան․ - Ցավոք սրտի, նման կառուցակարգ, իրակավան մեխանիզմ դեռ չունենք մենք: Մի բան աներկբա է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, այս պարտավորությունը միևնույն է կրում է՝ անկախ նրանից, թե անցյալում ովքեր են կայացրել այդ որոշումները: Որպես միջազգային իրավունքում ինքնիշխան պետություն, պարտավորությունը ստանձնած պետություն համար միջազգային հարաբերություններում էական չէ, թե դա ինչի արդյունքում է ի հայտ եկել: Այս պարտավորությունը կա, և Հայաստանի Հանրապետությունն է կրում պարտավորությունը, ոչ թե կառավարությունը, կամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կամ այլ կառավարություն: Ինչ վերաբերում է նրան, թե փնտրել մեղավորների, թե ում պատճառով է նմանատիպ գումար ստիպված լինում պետությունը վճարել այսօր, սա իրականում բարդ խնդիր է, բազմաշերտ է, քանի որ չեմ կարծում, որ մեղավորը մեկ կան երկու-երեք հոգի են: Իրականում դա համակարգային խնդիր է, և սա պարզելն է բազմակողմանի ուսումնասիրություն պահանջում: Իհարկե, մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Եթե հիշում եք, քննարկումների ժամանակ նաև դատաիրավական բարեփոխումների շրջանակում մենք դատավորների կարգապահական պատասխանատվության որպես հիմք նաև նախատեսվում է Եվրոպական դատարանի վճռում արձանագրված էական խախտումները: Դա, կարծում եմ, ճանապարհներից մեկն է: Բայց ոչ միշտ է, որ միայն դատավորը կամ հենց դատավորն է մեղավորը:
«Ազատություն»․ - Բայց համաձայն եք, որ որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն:
Կիրակոսյան․ - Կարծում եմ, այո: Որովհետև սա իրականում շատ ցավոտ վճիռ է, և բնականաբար, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի պետությունը: Նախ և առաջ, Եվրոպական դատարանի ցանկացած վճիռ, որ Հայաստանի Հանրապետությունը ստանում է, ցանկացած խախտման վերաբերյալ մենք պետք է ռեալ մտածենք, հասկանանք, թե այս խախտումը որտեղից է գալիս, պրոբլեմները որտեղ են, և փորձենք վերացնել դրանք: Իհարկե ցավալի է, որ նման մեծ գումար ենք վճարում, բայց մի բան էլ պետք է ֆիքսենք, որ դա վճարում ենք տեղի ունեցած կոնկրետ իրավունքի խախտման համար: Եվ որպես պարտավորություն ստանձնած պետություն, պետք է մենք գիտակցենք, որ դա ինչ-որ չափով գին է իրավունք խախտելու համար:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․