Մատչելիության հղումներ

Քրգործ է հարուցվել Բուզանդի փողոցի տարածքներն օտարելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ


Արուսյակ Ջուլհակյան, արխիվ
Արուսյակ Ջուլհակյան, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերջերս Հայաստանի դեմ կայացրած վճռից հետո քրեական գործ է հարուցվել Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքով։

Հանցագործության մասին հրապարակային հաղորդում էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Առիթը ընդդեմ Հայաստանի կայացված ՄԻԵԴ վճիռն էր, որով դատարանը կառավարությանը պարտավորեցրել է շուրջ 1 միլիոն 600 հազար եվրո վճարել Հայաստանի քաղաքացի 83-ամյա Յուրի Վարդանյանին։ Այս փոխհատուցումն ավելի էր, քանի մինչև այժմ ՄԻԵԴ վճիռներով վճարված փոխհատուցումների հանրագումարը։

Բուզանդի նախկին բնակիչ 83-ամյա Յուրի Վարդանյանի տունն ու հողատարածքը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին գերակա շահ էր ճանաչվել: Պետությունը Վարդանյաններին շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով փոխհատուցում էր տրամադրել տան համար, իսկ հողատարածքի համար ոչինչ չէր տրվել։ Գլխավոր դատախազությունում քրեական գործը հարուցվել է 2012 թվականին «Հետք» պարբերականում հրապարակված հոդվածի հիման վրա, որը իր հաղորդման մեջ հիշատակել էր պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Պատգամավորն ասում է՝ հեղափոխությունից առաջ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունն ու տարբեր փաստաբաններ հոդվածը ներկայացրել են գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու նպատակով, սակայն ապարդյուն։

«Դիմել են գլխավոր դատախազություն և հենց այդ նույն հրապարակմանը հղում անելով պահանջել են կամ խնդրել են քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ում անունները այդտեղ նշվում են։ Այն ժամանակ ստացել են պատասխան, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, դեռ ավելին, անյսպես ասած, ստացել են նաև անուղղակի սպառնալիք, որ գուցե հենց իրենք ենթարկվեն պատասխանատվության սուտ մատնության համար», - նշեց Արուսյակ Ջուլհակյանը։

«Հետք» պարբերականին գործարար Պավել Անդերսոնը պատմել էր, թե Բուզանդի 13-20 հասցեներում կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար կաշառել է քաղաքապետարանի ներկայացուցիչներին, նաև Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարեն Դավթյանին։ Օրերս հայտնի դարձավ, որ Երվանդ Զախարյանն անցնում է պաշտոնական դիրքը չարաշահելու համար հարուցված մեկ այլ քրեական գործով՝ այս դեպքում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքից 10 հազար քառակուսի մետր հողատարածքն ապօրինի կերպով օտարելու համար։

Պավել Անդերսոնը «Հետք»-ին պատմել էր, որ ինքն անձամբ և իր գործընկերոջ միջոցով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակազմի պաշտոնատար անձանց տվել է 550 հազար դոլար և 200 հազար դոլար կաշառք, իսկ բնակիչների վտարման դատական գործերով տարբեր ատյանների դատավորներին տվել է 300-ից 5000 դոլարի չափով կաշառք: Անդերսոնը հայտնել է նաև, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի ցուցումով 100 հազար դոլար գումար է վճարել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ վճռաբեկ դատարանում՝ Բուզանդի 13 հասցեի նկատմամբ Յուրի Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու և հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար:

Գլխավոր դատախազությունը հաղորդում է. «Նյութերի նախապատրաստման ընթացքում համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ դատական դեպարտամենտից և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ից: Պարզվել է, որ Պավել Անդերսոնի անունից 01.08.2006թ. նշված հիմնադրամի հաշվեհամարին իսկապես մուտքագրվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար»:

Իշխող «Իմ քայլի» պատգամավորը բնական է համարում, որ նախորդ իշխանությունների ժամանակ ոչ մի իրավական գործընթաց չի եղել, քանի որ համոզված է՝ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների համաձայնությամբ է տեղի ունեցել քաղաքացիների ունեզրկումը։

«Նորմալ է, որ հերթական պետական մարմինը, որը կոչված է քրեական գործ հարուցելու և քննչական գործողություններ իրականացնելու, ժամանակին չի ցանկացել իր հետ փոխկապակցված մյուս օղակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ գործողություններ կատարել։ Բնականաբար, ես լիահույս էի, որ հեղափոխությունից հետո ինչպես սիրում ենք մենք ասել իրավիճակ է փոխվել և ես այդ հաղորդումը ներկայացրեցի», - ասաց Ջուլհակյանը։

Մինչ Վարդանյանների խոշորագույն վճիռը, ՄԻԵԴ-ն արդեն 9 վճիռ է կայացրել Հայաստանի դեմ՝ Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչների գանգատների հիմքով։ Բյուջեից 324 հազար 581 եվրո է տրամադրվել այդ բնակիչներին։ Արուսյակ Ջուլհակյանը կարծում է՝ Ստրասբուրգյան դատարանը նոր վճիռներ է կայացնելու ընդդեմ Հայաստանի։

«Իրականում բոլոր այն գործերը, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են ոչ միայն իմ խորին համոզմամբ հիմք են հանդիսանալու փոխհատուցում տրամադրելու այն քաղաքացիներին, որոնք ժամանակին ունեզրկվել են, այլ նաև հիմք են հանդիսանալու նոր հանգամանքով դիմելու դատարան ու այդ գործերը վերաբացելու և արդեն ներպետական ատյաններում այդ հարցին անդրադառնալու», - ընդգծեց Ջուլհակյանը։

Բուզանդի փողոցի կառուցապատման ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն չարաշահումների մասով քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և ստանալու։

XS
SM
MD
LG