Մի քանի ժամից Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տանը քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ դեմոկրատական ու հանրապետական կոնգրեսականների հեղինակած թիվ 296 բանաձևը:
Մինչ այդ ամերիկացի մի խումբ օրենսդիրներ՝ իշխանական ու ընդդիմադիրներ ճամբարներից, փաստաթուղթը քննարկել են Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովում՝ Ջիմ ՄըքԳովերնի նախագահությամբ, ով իր բացման խոսքում շեշտել է․ - «296-րդ բանաձևը Ներկայացուցիչների պալատի համար հնարավորություն է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելու և ընդունելու, որ դա ցեղասպանություն է»: «Պատմության մութ էջերը չդատապարտելով՝ դատապարտված ենք նորից վերապրել դրանք», - նաև հայտարարել է հանրապետական գործիչը:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար տասնամյակներ պայքարող հանրապետական Քրիս Սմիթը հայտարարել է՝ տարիներ շարունակ Անկարան իր լոբբիստական աշխատանքով փորձել է տապալել Միացյալ Նահանգներում Ցեղասպանության ճանաչման գործընթացը, նրանք նույնիսկ սպառնում էին: «Թուրքիան սպառնալիք է մի շարք երկրների համար, նրանք նաև մեզ են սպառնում, երբ 2000 թվականին քննարկումներ էինք կազմակերպել, Թուրքիայի դեսպանը, ով ներկա էր լսումներին, մեզ Ինջիրլիքով էր սպառնում», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Քրիսթոֆեր Սմիթը, ընդգծելով՝ Հայոց ցեղասպանությունը նույն Հոլոքոսթն է՝ թուրքերի կատարմամբ: «Եթե դուք կոչվում եք ՆԱՏՕ-ի գծով դաշնակից՝ թշնամի՞ն ով է», - հավելել է հանրապետական օրենսդիրը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար հանրապետական երկարամյա գործիչ Էլիոթ Էնգելն էլ իր խոսքում բազմիցս ընդգծել է՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ճիշտ ժամանակն է. - «Բոլորս ենք անհանգստացած այն ամենով, ինչ կատարվում է աշխարհի տարբեր կետերում: Հայոց կոտորածը ցեղասպանություն էր, բոլորս ենք անհանգստացած քրդերի ճակատագրով: Այն տեղի է ունենում հենց հիմա, և կրկին Թուրքիան է կանգնած այդ ամենի ետևում: Եվ եթե նախկինում ճիշտ ժամանակը չէր սա անելու համար, հիմա, անկասկած, ճիշտ ժամանակն է»: Հանրապետական կոնգրեսականը հիշեցրել է, որ Ամերիկայի նահանգների բացարձակ մեծամասնությունը մեկուկես միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն է ճանաչել, աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում՝ Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցները, ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ժամանակն է, որ Միացյալ Նահանգները նույնպես պաշտոնապես ընդունի այդ ճշմարտությունը:
Քննարկումներին մասնակցում էր դեմոկրատ կոնգրեսական Աննա Էշուն, ով, ի դեպ, հայկական և ասորական արմատներ ունի: Նա ավելի վաղ գործընկերներին պատմում էր, որ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել են ոչ միայն իր հայկական կողմի ընտանիքի անդամները, այլև հոր կողմի՝ ասորի քրիստոնյա հարազատները: «Մայրս տատիկիս հետ փախչել է Հայաստանից, հայրս՝ որպես քրիստոնյա ասորի, աքսորվել Մերձավոր Արևելքից: Երկու ծնողներս էլ օսմանյան թուրքերի վայրագությունների սարսափն են կրում իրենց ողջ կյանքի ընթացքում», - պատմել է ամերիկացի կոնգրեսականը, ով ասում է՝ տեղի ունեցածը ցեղասպանություն կոչելու համար չի բավարարվել իր ընտանիքի օրինակով, կրկին ու կրկին վերընթերցել է դեսպան Մորգենթաուի գիրքը և կրկին համոզվել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր։
Հենրի Մորգենթաուն, ում վկայություններից հաճախ էին մեջբերում նախօրեի քննարկման մասնակիցները, Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպանն էր, ով արձանագրել է Հայոց ցեղասպանությունն ու ամփոփել․ - «Այն, ինչ կատարվում էր այդ օրերին հայ ժողովրդի հետ, վստահ եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ նման սարսափելի դրվագ չկա»:
Քննարկման մասնակիցներից՝ Ներկայացուցիչների տան անդամ, լիբանանյան ծագում ունեցող Դոննա Շալալը նախաձեռնությանը իր աջակցությունն է հայտնել և պատմել, որ իր ընտանիքն էլ Հայոց ցեղասպանության զոհերից է:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը նախկինում երկու անգամ՝ 1975-ին և 1984-ին բանաձևեր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, հետագայում, սակայն, այդ փաստաթղթերը հավանություն չեն գտել Սենատում: Տարիներ առաջ՝ 2007-ին և 2010-ին, երբ ամերիկացի օրենսդիրները փորձել էին այս հարցը կրկին դնել քննարկման, Թուրքիան ետ էր կանչել Նահանգներից իր դեսպանին՝ այդկերպ կանխելով գործընթացի շարունակությունը:
Սպիտակ տունը որևէ կերպ չի արձագանքել Ներկայացուցիչների տանը մի քանի ժամից նախատեսված քվեարկությանը: Պետդեպարտամենտը, անդրադառնալով հարցին, խուսափել է ցեղասպանություն եզրույթից:
Ավելի քան կես միլիոն հայազգի բնակչություն ունեցող և հայկական երկրորդ ամենամեծ գաղթօջախը համարվող Ամերիկայի 50 նահանգներից 49-ը՝ բացի Միսիսիպիից, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Անցած դարի 60-ական թվականներից ի վեր Ամերիկայի հայ համայնքը պայքարում է, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ճանաչի 1915-ին մեկուկես միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն և դատապարտի ոճիրը։ Սակայն, Սպիտակ տան ղեկավարները հիմնականում խուսափել են ցեղասպանություն եզրը գործածելուց և իրենց աջակցությունն առաջարկել հայերի և թուրքերի հաշտեցման գործում։ ԱՄՆ 44-րդ և 45-րդ նախագահներ Բարաք Օբաման ու Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իրենց ուղերձներում օգտագործել են հայերեն Մեծ Եղեռն բառակապակցությունը: