Վերջին անգամ, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության բանաձևի համար, 1984 թվականին էր, և վաղուց ժամանակն է, որ այս հարցը ևս մեկ անգամ հստակորեն քննարկի ու դատապարտի հայ ժողովրդի, ինչպես նաև հույների և ասորիների դեմ Թուրքիայի ցեղասպանությունը: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
Նա փոխանցեց, որ չորեքշաբթի երեկոյան Ներկայացուցիչների տան խոսնակի գրասենյակը հրապարակել է եկող շաբաթվա օրակարգը, և դրան մաս է կազմում Հայոց ցեղասպանության բանաձևը:
«Ազատության» հարցին՝ հույս կա՞ արդյոք, որ բանաձևը կընդունվի, Չուլջյանն արձագանքեց․ - «Գիտե՞ք, մենք միշտ, Հայ դատի հանձնախումբը այս տարիների ընթացքում որ աշխատել է կոնգրեսականների հետ, մենք միշտ զգացել ենք, որ Ցեղասպանության բանաձևին զորակցողների թիվը բարձր է, և եթե որևէ մեկ անգամ դրվեր բանաձևը, այն կանցներ»: «Այո, նկատի առնելով ներկայիս նաև Թուրքիայի կեցվածքը Հյուսիսային Սիրիայում, հարձակումները, որ տեղի ունեցան, է՛լ ավելի կարևոր է, որ ներկայիս Կոնգրեսը խոսի այս նյութի մասին: Գիտեք, որ 1981-ից ի վեր նախագահը ճշգրիտ ձևով չի խոսել Ցեղասպանության մասին, ուրեմն՝ կարևոր է, որ Կոնգրեսը իր տեղը գրավի և Ամերիկայի կողմից խոսի այս նյութի մասին», - ընդգծեց Հայ դատի գրասենյակի խոսնակը:
Հարցին էլ՝ նախորդ բանաձևերի, օրինագծերի համեմատ, տեքստային առումով այս բանաձևում կա՞ն որոշակի փոփոխություններ, Էլիզաբեթ Չուլջյանը պատասխանեց․ - «Այս բանաձևը ներկայիս թեև որոշ ձևերով նման է, որովհետև, անշուշտ, բոլոր բանաձևերը միշտ կոչ են ուղղել, որ ամերիկյան կառավարությունը շատ հստակ ձևով դատապարտի և վերհիշի Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, բայց դրա հետ միաժամանակ նաև այս բանաձևը երկու հավելյալ բան է անում՝ մեկը՝ վերջ է տալիս Ամերիկայի մեղսակցությանը թուրքական կառավարության կողմից ցեղասպանության մերժմանը և շատ հստակ ձևով է ներկայացնում դա, և երկրորդ՝ կոչ է ուղղում, որ Ամերիկայի ժողովուրդը դաստիարակվի Հայոց ցեղասպանության մասին, և դա տարբեր ձևեր կարող է ունենալ ապագայում․ դա կարող է լինել նահանգային մակարդակում՝ ավելի ընդլայնել Ցեղասպանության ուսուցումը դպրոցներում, կարող է լինել ընդհանուր, տարբեր միջոցներով, դաշնակցային մակարդակի վրա, երբ մարդու իրավունքների հարցերով նյութեր լինեն, նաև ներառվի Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, սա դուռ է բացում հավելյալ դաստիարակության կարելիությունների գծով Հայոց ցեղասպանության մասին»:
Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման մասին թիվ 296 բանաձևը քվեարկության կդրվի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում:
Բանաձևի հեղինակները՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգը և Ջեքի Սփիերը, մասնավորապես հայտարարել են․- «Որպես Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի ղեկավարներ՝ մենք ուրախ ենք, որ թիվ 296 բանաձևը, որը ճանաչում և հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների տանը կդրվի քվեարկության: Ամերիկյան դիվանագետները ականատես են եղել 1915-1923 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1․5 միլիոն հայեր, ինչպես նաև այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: <...> Հիմա, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարձակում է նախաձեռնել, որի հետևանքով սպանվեցին հարյուրավոր մարդիկ և տեղահանվեցին հարյուր հազարավորները, առավել կարևոր է, որ Ներկայացուցիչների տանը հստակ և ուղիղ խոսք հնչի մարդկության դեմ հանցանքների մասին՝ անկախ նրանից դա տեղի է ունեցել մեկ դար առաջ, թե մեր օրերում»: