Մատչելիության հղումներ

Միքայել Զոլյանը կապ է տեսնում Ցեղասպանության մասին բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում ընդգրկելու և Սիրիայում Թուրքիայի գործողությունների միջև


Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյան
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան եկող շաբաթվա օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հայտնվելը Հայաստանի ջանքերի, բայց առավելապես Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների կատարած աշխատանքի արդյունքն է:

«Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մեր օրակարգում է, և այդ աշխատանքը տարվում է, այդ աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր այս հարցը քննարկվում է: Բայց այստեղ, կարծում եմ, պետք է ընդունենք, որ ամենակարևոր դերը, իհարկե, ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններ են խաղում, և ընդհանրապես ԱՄՆ-ի սփյուռքը, հայկական սփյուռքը, որովհետև նրանք ի վերջո ԱՄՆ-ի քաղաքացի են և պահանջում են, որպես քաղաքացի, իրենց օրինական ներկայացուցիչներից՝ կոնգրեսմեններից, որ նրանք ընդունեն այս բանաձևը»:

Վերջին անգամ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, ինչպես հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, քվեարկել ու ընդունել է նման բանաձև 1984 թվականին:

Չուլջյանը «Ազատության» հետ հարցազրույցում նաև նշել է, որ հաշվի առնելով քաղաքական զարգացումները և Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում՝ հույս ունեն, որ բանաձևը վերջապես կընդունվի․ - «Հայ Դատի հանձնախումբը այս տարիների ընթացքում երբ աշխատում էինք կոնգրեսականների հետ, միշտ ասել ենք, Ցեղասպանության բանաձևը զորակցողների թիվը բարձր է, և երբ էլ դրվեր այս բանաձևը, պիտի անցներ»:

Պատգամավոր Միքայել Զոլյանը ևս կապ է տեսնում Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի՝ Սիրիայում ներկայիս գործողությունների միջև․ - «Ես համոզված եմ, որ Ցեղասպանության մասին այս բանաձևը վաղուց ընդունված լիներ, գուցեև չլիներ այս ներխուժումը, որովհետև ի վերջո հենց Ցեղասպանության չճանաչված լինելը այդ մակարդակով նաև խրախուսում է Թուրքիայի ղեկավարությանը, Էրդողանին դիմել այսպիսի ագրեսիվ քայլերի»:

Մասնագետների խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերությունները հասել են լարման գագաթնակետին, ինչը իսկապես կարող է նպաստել, որ Ներկայացուցիչների պալատը ընդունի բանաձևը։

«Փաստորեն պատմականորեն ամենալարված փուլերից մեկում են գտնվում այս պահին: Պատճառները մի քանիսն են՝ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը, ռուս-թուրքական հարաբերությունները և մերձեցումը ընդհանուր առմամբ, քրդերի նկատմամբ կիրառվող ճնշումները, նաև սպառնալիքները, կոնկրետ ռազմական գործողությունները իհարկե բերում են մի իրավիճակի, ձևավորում են մի իրողություն, երբ հայկական կառույցները կարող են առավել էֆեկտիվ աշխատել և օգտվելով միջազգային այս գործընթացներից՝ որոշակի քայլեր իրականացնել, որոնք կարող են բերել նաև Ցեղասպանության ճանաչմանը Միացյալ Նահանգների օրենսդիրի կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա նկատում է, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ը որևէ կերպ անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և ընդունել այն: Սակայն անկախ Հայաստանի պատմության ընթացում Կոնգեսում Հայոց ցեղասպանթյունը դատապարտող բանաձև երբևէ չի ընդունվել։

Այնուամենայնիվ, չնայած առկա նպաստող քաղաքական մթնոլորտին, Սուրեն Սարգսյանի կարծիքով, Ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների վերջին զենքերից է Թուրքիայի դեմ լարված հարաբերությունների պարագայում, և նա հավանական չի համարում, որ ԱՄՆ-ն այս անգամ կկիրառի զինանոցի այդ գործիքը․ - «Սա մշտապես Թուրքիայի գլխին կախված թուր է, որը անընդհատ պտտվելու է, և շատ պետություններ դա ուղղակի չեն օգտագործում որպես գործիք Թուրքիային պատժելու համար, մշտապես այդպես կախված թողում են»:

Այնուամենայնիվ, եթե բանաձևն ընդունվի, ըստ Սարգսյանի, այն բացառիկ երևույթ կլինի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններում․ - «Սա միևնույն ժամանակ Հայաստանի հնարավորություն կտա Թուրքիայի դեմ ճնշման որոշակի լծակներ ունենալ, այդ թվում նաև՝ փաստացի ունենալով Միացյալ Նահանգների պես թիվ մեկ գերտերության գնահատականը այս ամենին, որը ոչ միայն կլինի իրավական, այլ նաև քաղաքական գնահատական»:

XS
SM
MD
LG