ՀՔԾ-ն Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, գործով կասկածյալ է ներգրավվել Արա Բաբլոյանը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) երեկ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին երկու ամսով կալանավորելու համար։ Նախատեսվում է, որ դատարանն այսօր կքննի երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնատար կեղծիք կատարելու համար մեղադրվող Բաբայանին կալանքի տակ առնելու միջնորդությունը։ Այս գործի շրջանակում ՀՔԾ-ն կասկածյալ է ներգրավել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Հոկտեմբերի 21-ից ձերբակալված Արսեն Բաբայանը մեղադրանքը չի ընդունում, երեկ դատարանի շենքի բակում հայտարարեց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Ինքը հիմա գտնվում է ապօրինի անազատության մեջ, իրեն առաջադրվել է ակնհայտ ապօրինի մեղադրանք: Սա անհետևանք չի լինելու», - ասաց փաստաբանը:

ՀՔԾ-ն Բաբայանի գործը միավորել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս վերջին գործը հարուցվել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

ՀՔԾ-ն պարզաբանում է՝ որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Հրայր Թովմասյանը բարձր դատարանի նախագահ ընտրվեր ոչ թե նոր Սահմանադրությամբ նախատեսված 6 տարով, այլ դեռ գործող Սահմանադրությամբ՝ մինչև 70 տարեկանը լրանալը, մի խումբ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը՝ սահմանադրական սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին 2018 թվականի մարտի 21-ին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Ըստ այդմ, 2018 թվականի փետրվարի 12-ին Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018-ի մարտի 2-ին Ազգային ժողովը Թովմասյանին ընտրել է Սահմանադրական դատարանի անդամ: Այդ ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ըստ օրենքի, կարող էր պաշտոնավարել մինչև 2018-ի մարտի 23-ը՝ այդ օրը լրանում էր նրա 70-ամյակը։ Սակայն, ըստ ՀՔԾ-ի, Գագիկ Հարությունյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով:

Այս դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին։ Բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի այս դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել:

Ըստ ՀՔԾ-ի, Արսեն Բաբայանը Գագիկ Հարությունյանի դիմումը փաստացի 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված լինելու պայմաններում,ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով նշված դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ գրառելով, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դրա մուտքագրման ամսաթիվը 2018 թվականի մարտի 2-ը նշելով, խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը:

Ըստ մեղադրանքի, Արսեն Բաբայանը կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու և այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

«Ազատությանը» առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանից։