Մատչելիության հղումներ

Ծառուկյանը Թովմասյանի հանցանքն ապացուցող փաստեր է պահանջում


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին:

Գագիկ Ծառուկյանը չի շտապում հայտարարել, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատամամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց փաստեր է պահանջում, որ 2018-ի մարտին նրա ընտրությունը օրինական չի եղել:

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի խոսքով, մինչև հիմա ոչ մի հիմնավորում չի տեսել, միայն օդի մեջ, դադարկ-դատարկ խոսակցություններ է լսել:

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով քրեական գործի հարուցումից հետո պարզվեց, որ ԱԱԾ-ն էլ ստուգում է Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար եղած տարիներին թույլ տված առերևույթ յուրացումների դեպքերը։ Այս վարույթի շրջանակներում անցած շաբաթավերջին ԱԱԾ էին հրավիրվել Թովմասյանի հայրն ու դուստրերը:

«Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն ա, խնդիր չկա: Թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք՝ թող պատժեն: Բայց, ասենք, իմ համար, ես, որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, 18-ին, ինչ-որ չարաշահումներ․․․ դա իմ համար անընդունելի ա: Իրենց քայլերով անհարմար վիճակի մեջ են դնում վարչապետին, ուրեմն տվյալ մարդիկ չեն համապատասխանում իրենց պաշտոնին», - ասաց ԲՀԿ առաջնորդը:

Ծառուկյանը կրկնեց ՍԴ նախագահի մի խումբ աջակիցների այն թեզը, որ հեղափոխությունից հետո մի շարք պատգամավորներ նույն սկզբունքով են ընտրվել կամ նշանակվել այլ պաշտոնների, ինչպես Թովմասյանը․ - «Ոնց որ Նիկոլ Փաշինյանը դառավ, Միրզոյանը դառավ, մյուսը: Ես նույն շտապողականությունը տեսել եմ և այս հեղափոխությունից հետո այս կազմի մեջ: 5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ընտրվել են»:

Ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Թովմասյանին վերաբերող քրեական գործն ապագա չունի՝ «ոնց հարուցել են, այդպես էլ կարճելու են»:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Թովմասյանի Սահմանադրական դատարանի անդամ, ապա՝ նախագահ դառնալու գործընթացում քրեորեն հետապնդելի արարք Մարուքյանը չի տեսնում․ - «Կա քաղաքական պայմանավորվածություն, որը հիմա, այս պարագայում անհնար է քրեորոն հետապնդելի դարձնել: Որովհետև էդ պարագայում մեզ գիտե՞ք ինչ է պետք․ մեզ պետք է, որ, օրինակ, Գագիկ Հարությունյանը ցուցմունք տա և ասի, օրինակ՝ մի օր առավոտը 10-ն անց 24 ինձ հրավիրեց Սերժ Ազատի Սարգսյանը իր կաբինետ և ասեց՝ Գագիկ Գարուշիչ, գնա և վաղաժամ հրաժարական տուր: Եվ ես գնացի տվեցի այդ հրաժարականը, որից հետո նա պայմանավորվել էր, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը դառնար Սահմանադրական դատարանի անդամ: Եթե նման ցուցմունք դա Գագիկ Հարությունյանը, միգուցե: Իսկ եթե դուք կարծում եք, որ նման ցուցմունք կարող է լինել, դա, կարծում եմ, խելագարության կանխավարկածի շրջանակներում կարող ենք դիտարկել: Նա արդեն տվել է հարցազրույց և ասել է, որ ինքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել, որի հիմքով հրաժարական է տվել»:

Մարուքյանը անհասկանալի է որակում Հատուկ քննչական ծառայությունում Հրայր Թովմասյանին վերաբերող գործի շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը․ - «Երբ որ մարդուն հրավիրում են, նա ներկայանում է, այդ ժամանակ ձերբակալելը, կարծում եմ, այնքան էլ համաչափ չէ: Բայց նման իրավասություն, բնականաբար, նախաքննության մարմինը ունի:Այստեղ այլ հարց է նաև, որ Արսեն Բաբայանի գործն էլ ապագա չունի, որովհետև այն համաներման տակ է ընկնելու: Անգամ պետք չի, որ ինքը ընդունի, որ ինքը պաշտոնեական կեղծիք է կատարել, բավարար է, որ նա չառարկի, որ համաներումը իր նկատմամբ կիրառվի, և նա ազատ է արձակվելու: Այսինքն, նրա ձերբակալումը նույնպես ապագա չունի: Եթե հիմա նրան տանեն դատարան, ամենավատ դատավորն էլ հնարավոր է նրան չկալանավորի»:

Արեն Մկրտչյան
Արեն Մկրտչյան

«Իմ քայլից» Արեն Մկրտչյանը ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը իրավական նորմալ գործընթաց է համարում: Նա պնդում է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել Սահմանադրության կոպտագույն խախտմամբ․ - «Հրայր Թովմասյանի դիմումի հիման վրա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձանագրության միջոցով կասեցրել է նրա պատգամավորական մանդատը: Իսկ այդ ժամանակահատվածում Գագիկ Հարությունյանը պաշտոնավարման ժամկետի ավարտից 22 օր առաջ հրաժարական է տվել: Ինչո՞ւ են այս հապշտապ պրոցեսը կազմակերպել: Որպեսզի Հրայր Թովմասյանը հասցնի հին Սահմանադրությամբ նստել ՍԴ նախագահի աթոռին, որպեսզի կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը լրանալը: Եվ սա, այս պրոցեսը առհասարակ, Սահմանադրության կոպտագույն խախտում է, որովհետև Ազգային ժողովի նախագահը արձանագրության միջոցով չի կարող կասեցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը: Պատգամավորը պետք է ինքը դիմում ներկայացնի մանդատից հրաժարվելու մասին»:

Անցած շաբաթ Սահմանադրական դատարանը մերժել էր վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը վերաբերող ԱԺ դիմումը: Հենց դրանց հաջորդեցին ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի գործողությունները:

Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունց

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քաղաքական դրդապատճառները բացառեց․ - «Իրավապահ մարմինները, ես հույս ունեմ, որ գործում են այն լիազորությունների և գործառույթների շրջանակում, որոնք իրենք պետք է իրականացնեն, և հույս եմ հայտնում, որ իրավական փաստերի, հիմնավորումների հիման վրա են ներգրավվում քննությանը: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներ․․․ նման մեկնաբանություններին, չի կարող նման բան լինել, չի կարող լինել այն իշխանության պարագայում, որը մերժել է քաղաքական հետապնդումների ընդհանրապես երևույթը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG