Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալված Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ապօրինի է որակում իր հետ տեղի ունեցածն ու իրեն մեղսագրվող կասկածը, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանը նաև ասաց, որ երեկ դատարան են բողոքարկել ձերբակալման մասին որոշումը։
Այլ մանրամասներ այս գործից Լուսինե Մարտիրոսյանը դեռևս չի հաղորդում։
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) երեկ տարածած հաղորդագրության համաձայն, հիշեցնենք, Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: