Մատչելիության հղումներ

Արսեն Բաբայանի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը


Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալված Բաբայանը ապօրինի է որակում իր հետ տեղի ունեցածն ու իրեն մեղսագրվող կասկածը:

Փաստաբանը նաև ասաց, որ երեկ բողոքարկել են ձերբակալման մասին որոշումը։

Այլ մանրամասներ այս գործից փաստաբան Մարտիրոսյանը դեռևս չի հաղորդում․ - «Բողոքարկել ենք: Երեկվանից բողոքը մուտք է արվել դատարան: Մեղադրանք չկա, կասկածվում է: Ապօրինի կասկածանք է»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արսեն Բաբայանի ձերբակալմանը՝ գրել է, որ սա հերթական անհեթեթ մեղադրանքն է։

Բաբայանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվել էր 2018-ի մարտի սկզբին, իսկ դրանից առաջ՝ 2014 թվականից զբաղեցնում էր խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը։

Բաբայանի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել է, որ գործը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս վերջին գործը հարուցվել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասնում է․ - «Իշխանությունը յուրացնելու առթիվ հարուցված գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պաշտոնատար անձինք ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից իր լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ»:

Գագիկ Հարությունյանը, ըստ օրենքի, կարող էր պաշտոնավարել մինչև 2018-ի մարտի 23-ը։ Այդ օրը լրանում էր նրա 70-ամյակը։ Սակայն Հարությունյանը Ազգային Ժողովին հրաժարականի դիմում էր ներկայացրել 70-ամյակը լրանալուց 22 օր առաջ՝ մարտի 1-ին։

Մոտ երկու շաբաթ առաջ իրավապահներին ուղղած իր դիմումում նաև այս մասին էր հիշատակել պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Անդրադառնալով մինչև իշխանափոխությունը տեղի ունեցածին՝ պատգամավորը շեշտել է, որ Գագիկ Հարությունյանի այդ հրաժարականից հետո Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը առանց մանդատից հրաժարվելու մարտի 21-ին ընտրվել էր Սահմանադրական դատարանի նոր նախագահ։

Բաբաջանյանը պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, և դրա մաս են դարձել Ազգային ժողովի այժմ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։

Ըստ պատգամավորի, Հանրապետականի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի դեռ հին Սահմանադրությամբ սահմանված ժամկետը՝ այսինքն՝ մինչև 70 տարեկանը․ - «Նաև վաղաժամ հրաժարեցվել է իր պաշտոնից Գագիկ Հարությունյանը, որպեսզի Հրայր Թովմասյանը, մնալով պատգամավորի կարգավիճակում, անմիջապես նշանակվի Սահմանադրական դատարանի անդամ, որից հետո ներսում՝ որպես դատարանի նախագահ»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր նախաձեռնությամբ քննարկում է Արսեն Բաբայանի ձերբակալության հարցը: Նա հայտնել է, որ իր հանձնարարությամբ այցելել են ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG