Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը «սև ցուցակից» ջնջել է գերմանացի և լեհ լրագրողների անունները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները այլևս անցանկալի անձ չեն համարում նախկինում Լեռնային Ղարաբաղ այցելած Լեհաստանի քաղաքացի Վլոդիմեյ Կիյանովսկիին և գերմանացի լրագրող Սիլվիա Սթեբերին:
Փոխարենը, Բաքուն մտադիր է ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուին հռչակել անցանկալի անձ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
Հիշեցնենք՝ կոնգրեսական Չուի հետ Արցախ մեկնած Ջեքի Սփիրը «սև ցուցակում» է ներառվել դեռևս 2018 թվականին:
ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն Ստեփանակերտ են այցելել հոկտեմբերի 8-ին և հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Այցի ավարտին նրանք հայտարարել են, որ «տպավորված են Արցախի խաղաղասիրությամբ, ապահովության զգացողությամբ և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով»: