Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումը՝ Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակելու և համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում:
Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ժողովրդավարությունը հայ հասարակության հավատամքն է, արժեքային համակարգը, Հայաստանը շարունակելու է այն հզորացնելու ուղղությամբ բարեփոխումները, և միջազգային գործընկերների աջակցությունը կնպաստի այդ օրակարգի արագ և հաջող ընթացքին:
ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն ընդգծել են՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հաջորդած ժամանակահատվածի ձեռքբերումները ոգևորիչ են, և ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել վարչապետ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությանը ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումների օրակարգում:
Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն նաև մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցի վերաբերյալ՝ նշելով, որ տպավորված են Արցախի խաղաղասիրությամբ, ապահովության զգացողությամբ և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Արցախ և նրանց գնահատականները կարևոր նշանակություն ունեն քաղաքական, նաև հումանիտար առումով և տեղեկացրել է, որ Հայաստանը կարևորում է Արցախում ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացումը:
Վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և այս ուղղությամբ հայ-ամերիկյան գործակցության խորացման շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ՄԶԳ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շարունակման հարցերին:
Ամերիկացի կոնգրեսականները հոկտեմբերի 8-ին Արցախ կատարած այցի ընթացքում հանդիպումներ էին ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։