Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականներն այցելում են Արցախ


Արցախի արտգործնախարարը հանդիպում է ԱՄՆ կոնգրեսականների և Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ, Ստեփանակերտ, 8-ը հոկտեմբերի, 2019թ․
Արցախի արտգործնախարարը հանդիպում է ԱՄՆ կոնգրեսականների և Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ, Ստեփանակերտ, 8-ը հոկտեմբերի, 2019թ․

Ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր են քննարկվել այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերի և Ջուդի Չուի հետ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ:

Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է, և բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու տարածաշրջանում կայունության պահպանման գործում, ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում:

Ամերիկացի կոնգրեսականներին այսօր Ստեփանակերտում ընդունել է նաև Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Նախարարը բարձր է գնահատել կոնգրեսականների, հատկապես՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ի սատարումն ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև` ի աջակցություն ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրմանը, ասված է Արցախի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Մայիլյանն ընդգծել է Ջեքի Սփիերի և Ջուդի Չուի ակտիվ գործունեությունը՝ ուղղված Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստի ճանաչմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ռոյս-Էնգել» նախաձեռնության աջակցմանը, որը նախատեսում է շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրում և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում։

Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացները։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի իշխանությունների և ԱՄՆ կոնգրեսականների միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի։

Նախօրեին, հիշեցնենք, ամերիկացի կոնգրեսականներն այցելել էին Հայաստան:

Սեպտեմբերի վերջին էլ Հայաստան և Արցախ էր այցելել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

XS
SM
MD
LG