Վրաստանի նոր վարչապետը օտարերկրյա առաջին այցերը կկատարի հարևան երկրներ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, հոկտեմբեր, 2019թ․

Վրաստանի նոր վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին այցերը կատարում է հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտում: Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության կայքը: Գախարիան այսօր այցելում է Ադրբեջան, հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան, ամսվա վերջին էլ ծրագրված է նրա այցը Թուրքիա:

Մոտ ապագայում Վրաստանի վարչապետն այցելելու է նաև Բրյուսել՝ ծանոթանալու Եվրամիության նոր ղեկավարների հետ:

44-ամյա Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնում նշանակվել է սեպտեմբերին: Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող քաղաքական ուժի առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի մեծամասնությունն էլ հաստատել է նրան վարչապետի պաշտոնում:

Իվանիշվիլիի մերձավորներից մեկը համարվող Գախարիան մինչ վարչապետ նշանակվելը Վրաստանի ներքին գործերի նախարարն էր: Ընդդիմության կողմից նա խստորեն քննադատվել էր հատկապես Թբիլիսիի կենտրոնում հակառուսական ցույցը բիրտ միջոցներով ցրելու հրամանի համար, ինչին հետևանքով բազմաթիվ մարդիկ էին տուժել:

Որպես վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցի մասին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նա Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններ է վարելու երկկողմ հարաբերությունները, քաղաքական և տնտեսական կապերը զարգացնելու համար:

Գիորգի Գախարիան սովորել և որոշ ժամանակ բնակվել է Ռուսաստանում: Երեկ նա հերքել է Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին վրացական մամուլի հրապարակումները: Մասնավորապես, «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ նոյեմբերին պլանավորվում է նրա այցը Մոսկվա:

Լրագրողների հարցերին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք մոտ ապագայում այցելել Ռուսաստան՝ փորձելու նորմալացնել ռուս - վրացական հարաբերությունները, Գախարիան կարճ պատասխան է տվել․ - «Չեմ հաստատում»:

2008 թվականից մինչև հիմա Վրաստանի և Ռուսաստանի ղեկավարները բարձր մակարդակի հանդիպում չեն ունեցել, փոխայցելություններ չեն կատարել: Այդ ընթացքում արտաքին գործերի նախարարներն առաջին հանդիպումն ունեցան 2019-ի սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Միակ ուղիղ երկխոսությունը վարում են Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:

Երկու երկրների հարաբերությունները խզվել են 2008-ի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: