Մոսկվայի պետական համալսարանի նախկին ուսանող, Ռուսաստանի նախկին բնակիչ, Թբիլիսիում հակառուսական ցույցերը բիրտ ուժով ցրելու հրաման արձակած Գիորգի Գախարիան նշանակվեց Վրաստանի նոր վարչապետ։
Նախօրեին երկրի օրենսդիր մարմինը կողմ քվեարկեց նրա թեկնածությանը, որն առաջադրել էր իշխող ուժի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Այսպիսով՝ Գախարիան դարձավ «Վրացական երազանք»-ի իշխանության յոթ տարիների ընթացքում պաշտոնավարած հինգերորդ վարչապետը։
Վրաստանի խորհրդարանը հաստատեց նաև կառավարության նոր կազմը` գործադիրի անդամներից փոխվել է երկու նախարար ՝ ներքին գործերի նախարարի պաշտոնը այժմ զբաղեցնում է Վախթանգ Գոմելաուրին, պաշտպանության նախարարի պաշտոնում էլ նշանակվել է նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության նոր կազմի հաստատումը տեղի է ունեցել ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին։ Ընդդիմադիրները նաև բոյկոտել էին օրենսդիր մարմնի նիստը՝ որոշելով չմասնակցել քվեարկությանը, իսկ դրան նախորդած լսումներին արձագանքել սուլոցներով և վանկարկումներով՝ փորձելով տապալել խորհրդարանի նիստը:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժման» գնահատմամբ Գախարիայի նշանակումը երկրի վարչապետի պաշտոնում ապտակ է վրաց հասարակությանը, որը շաբաթներ շարունակ պահանջում էր նրա հրաժարականը ներքին գործերի նախարարի պաշտոնից:
Ընդդիմադիրները նրան են մեղադրում այն դաժանության համար, որ ցուցաբերեց ոստիկանությունը հունիսին` Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված բողոքի գործողությունները ցրելու ընթացքում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել, իսկ երկու երիտասարդներ կորցրել տեսողությունը։
Ինքը` այժմ արդեն վարչապետ Գախարիան խոստովանել էր՝ անձամբ է հրամայել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, քանի որ իր խոսքերով՝ ակտիվիստները ցանկանում էին գրոհել խորհրդարանը:
44-ամյա Գիորգի Գախարիան իշխող ուժի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից, իսկ ընդդիմության բնորոշմամբ՝ նաև ամենաաղմկահարույց պաշտոնյաներից մեկն է՝ ընդ որում ընդգծված ռուսամետ:
Ընդդիմության մեղադրանքների տարափին ի պատասխան Գախարիան, դիմելով Սաակաշվիլիի թիմակիցներին, հայտարարել է. ֊ «Ես ձեր վերջը կտամ»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Վրաստանի նորանշանակ վարչապետը շտապել է դիրքորոշում հայտնել՝ «Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան է երկրի գլխավոր խնդիրը», բայց և հավելել, որ Մոսկվայի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել սառը բանականությամբ, այլ ոչ թե զգացմունքներով:
Գախարիան ոչ միայն կրթություն է ստացել Ռուսաստանում, որի հետ իր առաջնորդած երկիրը տարիներ շարունակ գտնվում է հակամարտության մեջ, այլ նաև բնակվել և աշխատել է այնտեղ: Նա «Լյուֆթանզա» գերմանական ավիաընկերության Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների գծով բիզնեսի զարգացման տնօրենն էր:
2016-ին Գախարիան նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի, իսկ 2017 թվականից՝ Ներքին գործերի նախարար:
Վրաց փորձագետների համոզմամբ՝ 2020 թվականի խորհրդարանական վճռորոշ ընտրությունների նախաշեմին Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելը վկայում է իշխող թիմում առկա ճգնաժամի մասին։