«Մեր ժամանակի հերոսներից է նաև Գյումրին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակը հանձնում է թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, Գյումրի, 21-ը սեպտեմբերի, 2019թ․

Անկախության տոնի գլխավոր միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում:

Մինչ Գյումրի մեկնելը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Լեռնային Ղարաբաղի նախագահը այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերածների հիշատակին:

Իսկ մինչ այդ Գյումրիում սկսվել էին տոնական միջոցառումները, որոնց համար այս տարի կառավարությունը 220 միլիոն դրամ էր հատկացրել։

Գլխավոր միջոցառումը «Սև բերդ» ամրոցում էր: Հայաստանի և Արցախի նախագահների, վարչապետի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ առաջին անգամ մրցանակներ հանձնվեցին գործարարների, որոնց բացահայտել էին Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում: 45 թեկնածուներից 13-ը ստացան «Մեր ժամանակի հերոսը» անվանումով մրցանակը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ մրցանակը հերթական հերոսին հանձնելը անկախության արժեքներից խոսեց: «Անկախությունը մեծագույն արժեք է, գերագույն արժեք է, և այդ արժեքը մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Ես, մասնակցելով այս մրցանակաբաշխությանը, իմ մոտ մտահղացում է առաջացել՝ ես հրավիրելու եմ այս մրցանակների արժանացած մեր հայրենակիցներին մեր հայրենիքի արցախյան հատված և Արցախի Հանրապետությունում նորից ու նորից մեծարելու եմ նրանց», - հայտարարեց Սահակյանը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծեց՝ իր համար «մեր ժամանակի հերոսներից է նաև Գյումրին, որ 30 տարի համբերատար սպասել է այս օրվան»: «Հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել, և իր ժամանակը չէ, արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը: Ժամանակը եկել է, և ես կարծում եմ, պարոն վարչապետ, այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագա, նոր, ազատ և ստեղծագործ կյանքի: Եվ դրա համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ Ազգային ժողովին, կառավարությանը այս որոշման համար, որ Անկախության օրը այսօր պետք է տոնվի Գյումրիում: Եվ իհարկե, ուրախ եմ, որ մեր ժամանակի այսօրվա հերոսները մի տեղից չեն, որովհետև մեր հայրենիքը միայն Երևանը չէ», - հայտարարեց Սարգսյանը:

Վերջին, 13-րդ՝ գլխավոր մրցանակը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ խոսեց օրվա խորհրդից՝ շեշտելով, որ օրվա հերոսները սահմանին կանգնած զինվորներն են: Իսկ զինվորը սահմանին ուժեղ կլինի, երբ թիկունքն է ամուր: Հավելեց, որ ինչպես հեղափոխությունը, այնպես էլ տնտեսական հեղափոխությունը կախված է մեկ մարդուց:

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ասել ենք` Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ մենք այսօր` տնտեսական հեղափոխության այս շրջանում, նույն ուղերձն ենք հղում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ որ մեր երկրի բարեկեցությունը, մեր երկրի տնտեսական զարգացածությունը, մեր բանակի հզորությունը նաև՝ կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է, որովհետև պետք չէ մոռանալ, որ բանակը ամուր է իր թիկունքով, բանակը ամուր է տնտեսությամբ, բանակը ամուր է աշխատանքով, բանակը ամուր է բարեկեցիկ ժողովրդով: Եվ մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկեցիկ քաղաքացիների երկիր, և Հայաստանի Հանրապետությունը լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, որտեղ մարդիկ բավարար չափով հավատում են իրենք իրենց ուժերին և մարդիկ սեփական ձեռքերով կառուցում են իրենց, իրենց ընտանիքների, իրենց միջավայրի և իրենց հայրենիքի բարեկեցիկ ներկան, և բարեկեցությունը բավարար է արդեն, որ լինի ապագա»:

Մրցանակաբաշխության հերոսները խոստովանեցին՝ իրենց համար անակնկալ էր, որ հենց անկախության օրը ուշադրության արժանացան։

Մրցանակաբաշխության ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ուղերձ հղեց Անկախության 28-ամյակի առթիվ: Անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը նա որակեց որպես անկախության մի նոր հանրաքվե: «Եվ հարյուր հազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ՝ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանում և Սփյուռքում, նրանք դուրս եկան ևս մեկ անգամ, նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ «Այո» ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը: Դա մի նոր անկախության հանրաքվե էր, որը ասեց, որ հայ ժողովուրդը 28 տարվա, 27 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա», - հայտարարեց վարչապետը:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ վստահ է, որ 28 տարի անց շատ ավելի փառահեղ հայրենիք ենք ունենալու: «Մենք այն ենք, ինչ որ կանք, և սա մեր Հայրենիքն է, և իհարկե, ես վստահ եմ, որ ևս 28 տարի հետո, մանավանդ՝ երիտասարդները շատ են, շատ ավելի փառահեղ Հայրենիք ենք ունենալու, շատ ավելի փառահեղ», - լրագրողների հետ զրույցում ասաց նախագահը:

Նիկոլ Փաշինյանը «Սև բերդ» ամրոցից ուղևորվեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայան, որտեղից էլ եռօրյա աշխատանքային այցով մեկնեց Միացյալ Նահանգներ: