Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե


«Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկը, ամենամեծ տոներից մեկը, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն, և Հայաստանի բնակչության 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով հանդես գալով Անկախության տոնին նվիրված հանդիսությանը Գյումրիում:

«Դա մի գործընթաց էր, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հասավ իր կուլմինացիային: Այդ գործընթացը սկսել էր 1988 թվականի Ղարաբաղյան շարժմամբ, երբ մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բարձրաձայնեց ազատ, միասնական և հզոր լինելու իր կամքը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել էր Հայաստանի Անկախության հռչակագիրը, և այդպիսով նաև դե յուրե հայ ժողովուրդը իր ընթացքն էր սկսել դեպի անկախություն», - նշեց Փաշինյանը:

«Անկախությունից անմիջապես հետո, միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելուց անմիջապես հետո մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախը կանգնեցին մեծ փորձությունների առաջ: Ըստ էության, դեռևս մի քանի տարի առաջ սկսած կոնֆլիկտը վերաճեց մի լիարժեք պատերազմի, և որում հայ ժողովուրդը միասնության, կամքի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել: Այդ հաղթանակը բերեցին առաջին հերթին այն ազատամարտիկները, ովքեր կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Եվ որից հետո սկսվեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթացը: Եվ մենք անկախության տարիներին տեսանք բազմաթիվ հիասթափություններ, տեսանք արտագաղթ, տեսանք տնտեսական և քաղաքական դժվարություններ, տեսանք բավականին տխուր ընթացք, երբ եկավ մի ժամանակ, երբ գրեթե ամեն օր մամուլում հարց էր հնչում, թե ինչպիսի՞ն կլինեն արդյունքները, եթե այսօր, այսինքն՝ 91 թվականից հինգ տարի անց, տասը տարի անց, տասնհինգ տարի անց, քսան տարի անց, լիներ անկախության հանրաքվեն»:

«Իհարկե, ես միշտ համոզված եմ եղել, որ այդ բոլոր ժամանակներում, երբ էլ տեղի ունենր անկախության հանրաքվեն, մեր ժողովուրդը միասնական «Այո» կասեր անկախությանը: Ես երբեք դրանում չեմ կասկածել: Բայց պետք է արձանագրեմ, որ նաև այս ընթացքում շատ կասկածողներ են եղել», - նշեց պետության ղեկավարը:

«Եվ ի վերջո, նաև տրվել է ա՛յս հարցի պատասխանը, որովհետև ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե, և հարյուր հազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ՝ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանում և Սփյուռքում, նրանք դուրս եկան ևս մեկ անգամ, նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ «Այո» ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը: Դա մի նոր անկախության հանրաքվե էր, որը ասեց, որ հայ ժողովուրդը 28 տարվա, 27 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ուրեմն, այսօր սեպտեմբերի 21-ն է՝ 28 տարվա սեպտեմբերի 21, և մենք հավաքվել ենք ահա այստեղ՝ ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը Երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան, և հայ ժողովուրդը որպես մի մեծ հավաքականություն ունի բավարար կամք, ունի բավարար իմաստություն, ունի բավարար գիտելիք, ունի բավարար տաղանդ և ունի բավարար վճռականություն՝ իր ուսերին կերտելու, իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությունը և ապրելու ազատ և երջանիկ այդ պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի», - շեշտեց վարչապետը:

«Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, կեցցե՛ն մեր թոռները, կեցցե՛ն մեր ծոռները, կեցցե՛ն մեր թոռների և ծոռների թոռներն ու ծոռները, ովքեր ապրելու են ազատ, երջանիկ, հզոր, անկոտրում ու հաղթանակած Հայաստանում», - իր ելույթն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG