Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 28-ամյակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
Անկախության օրը «առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը», - ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
«Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության: Լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը: Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով: Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել», - ընդգծում է Հայաստանի նախագահը:
«Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր», - նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
«Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում։ Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում...Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը»: Չխնայե՛նք մեզ, մեր ջանքը, մեր միտքը, մեր սերը Հայրենիքի համար: Պաշտպան ու պահապան լինենք մեր պետությանը, մեր եկեղեցուն, հանդուրժող ու սրտացավ լինենք միմյանց հանդեպ», - ասված է ուղերձում:
«Որպես պետություն, որպես ժողովուրդ մենք կամուրջ ենք քաղաքակրթությունների միջև», - շեշտում է Արմեն Սարգսյանը:
«Առավել քան անհրաժեշտ է հոգատար լինել մեր արժեհամակարգի, մեկմեկու նկատմամբ: Մենք կարող ենք որպես մարդ լինել միմյանցից տարբեր, բայց հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված ու միասին», - նշում է նախագահը՝ ամփոփելով. - «Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին: Աստված զորավիգ անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։ Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Աստված պահապան բոլորիս»:
«Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին», - իր շնորհավորական ուղերձում գրել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա կարող պիտի լինի կազմակերպել զարգացող ու առաջընթաց իր կյանքը, ապահովել ազգի հարատևությունը: Անկախ պետականությունը՝ իբրև ազգային երազների մարմնավորյալ զավակ, համախմբեց նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին, դարձավ հնարավորություն միասնական ջանքերով նվիրվելու նրա ամրապնդմանն ու հզորացմանը: Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի ուղերձում:
«Մեր մաղթանքն է, որ այս գիտակցությամբ ու զգացումներով տոնախմբենք Անկախության տոնը, որպեսզի նրա խորհուրդը ամուր մնա մեր և հետագա սերունդների կյանքում: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն իր շեն ու բարգավաճ ազգային կյանքի և լուսավոր գալիքի», - գրում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Անկախության 28-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Այս տարի Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում: Դրանք կմեկնարկեն առավոտյան քաղաքի Կենտրոնական զբոսայգում և կամփոփվեն ուշ երեկոյան տոնական հրավառությամբ:
Տոնի կապակցությամբ Հայաստանի ղեկավարությանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և վարչապետ Լի Քեցիանը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, այլ պետությունների և կազմակերպությունների ղեկավարներ:
Հայաստանի նախագահին և վարչապետին շնորհավորական ուղերձներ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: