Մատչելիության հղումներ

Հայաստանի Անկախության տոնը շնորհավորում են պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին, Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ բելառուսա-հայկական համագործակցությունը, հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի անշեղորեն զարգանալ և կատարելագործվել», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Բելառուսի նախագահի ուղերձում: «Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն», - Փաշինյանին գրել է Լուկաշենկոն:

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են հավասարության, փոխադարձ ըմբռնման և վստահության վրա, կշարունակեն զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների», - մասնավորապես ասված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում:

«Ղրղըզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Իմ խորին վստահությունն եմ հայտնում, որ Ղրղըզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա, կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման», - գրել է Ղրղըզստանի նախագահը:

«Եգիպտոսի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ Եգիպտոսի և Հայաստանի միջև առկա ավանդական գերազանց հարաբերություններն առավել կամրապնդվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների», - ասված է Եգիպտոսի վարչապետի ուղերձում:

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները զգալի ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում: Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության հարցերով համատեղ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը», - ասված է Ուկրաինայի վարչապետի ուղերձում:

«Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։ Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի կառավարությունը շարունակում է սոցիալ-տնտեսական համակարգի բարեփոխման և երկրի սոցիալական կյանքի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և հետևողական աշխատանքը։ Ձեռնարկվող ջանքերի վերջնական նպատակն է ժողովրդի կենսամակարդակի նշանակալի բարձրացումը, քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացումը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդումը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձր են գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, քննարկելու և լուծելու առկա կամ առաջացող խնդիրները դաշնակցային մթնոլորտում», - Հայաստանի վարչապետին գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:

«ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Սեպտեմբերի 21-ը կարևոր օր է ձեր երկրի պատմության մեջ: 1991 թվականին հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ կողմից անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվեն: Այսօր հանրապետությունը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում, վաստակել է բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում: Մաղթում եմ Ձեզ՝ կարկառուն պետական և քաղաքական գործչին, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, անսպառ էներգիա և նորանոր հաջողություններ Ձեր ազնիվ (առաքինի) գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման և բարեկեցության», - գրել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը:

«Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի ուրախ առիթով իմ ու կիպրահայության անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ ու Հայաստանի կառավարությանը: Հուսով եմ, որ հաջորդ տարիները մեր Հայրենիքի, Լեռնային Ղարաբաղի ու համայն հայության համար կլինեն անկյունադարձային ու արդյունավետ՝ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումներով: Հավատում եմ նաև, որ միասնական ու համառ աշխատանքով կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կերտել նոր ու փայլուն ապագա հաջորդ սերունդների համար», - իր շնորհավորական ուղերձում գրել է Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG