«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսի

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել, այսօր արդեն խորհրդարանում կնախաձեռնեն այն։

Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երկուշաբթի օրը խմբակցության նիստից հետո շեշտեց, որ համաձայն ընթացակարգի՝ Ազգային ժողովի խմբակցությունն իրավունք ունի որոշման նախագիծ մշակել և այն ներկայացնել խորհրդարանին։ Վերջինն էլ տվյալ հարցով փակ գաղտնի քվեարկության արդյունքներով կդիմի բարձր դատարան, որն էլ լիազորված կլինի որոշում կայացնել ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։ Վարդանյանը ներկայացրեց, ըստ իրենց, Հրայր Թովմասյանի բացթողումները, որոնք էլ հիմք են դարձել գնալու նման քայլի։

Հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ խորհրդարանում նախկինում նման ընթացակարգով հարց չի քննարկվել։ «Մասնավորապես, օրինակ, չեն քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումները, այդ [Ռոբերտ Քոչարյանի] դիմումի հետ կապված մասնակցության անհնարինության վերաբերյալ դիմումը չի քննարկվել, այսինքն՝ ոչ թե քննարկվել է, մերժվել է, կամ բան, այլ ընդհանրապես անդրադարձ չի կատարվել սրան: Սա հիմքերից մեկն է: Մյուս հիմքը նաև կողմի հետ, կողմի ներկայացուցչի հետ որոշակի սերտ կապի առկայությունն է, որը, ըստ էության, կարող է կասկածի տակ դնի գործընթացի օբյեկտիվությունը: Խոսքը, մասնավորապես, իհարկե, Արամ Օրբելյանի մասին է»:

Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կնքահայրն է։ Բայց, ինչպես շեշտեց Վլադիմիր Վարդանյանը, այլ հիմքեր ևս կան․ - «Նաև իրենց փոխհարաբերությունների բնույթն է և Արամ Օրբելյանի մի շարք հայտարարությունները, որ գործերն իրենք ուղարկելու են Սահմանադրական դատարան՝ այն պարագայում, երբ որ գործերը քննվում էին ընդհանուր իրավասության դատարաններում: Սա միակ հիմքը չէ, սա հիմքերից մեկն է: Մնացած հիմքերի մասին, ինձ թվում է, ավելի մանրամասն կծանոթանաք, երբ որ մենք պատրաստենք համապատասխան․․․»:

«Ազատության» հարցին ի պատասխան, իշխող ուժի պատգամավորը շեշտեց՝ այս ամենը նախկին իշխանության ներկայացուցիչ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու նպատակ չի հետապնդում։ Հիշեցնենք, նախկինում փաստաբան, այս իշխանության օրոք ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ բարձր դատարանի 7 անդամներից և ոչ մեկը որոշումներ կայացնելու լիազորություն չունի, և որ սահմանադրական բարեփոխումներից հետո նրանք՝ այդ թվում և Հրայր Թովմասյանը, չպետք է պաշտոնավարեն։

«Բացարձակապես նման խնդիր դրված չէ: Խնդիրը հետևյալի մեջ է, որևիցե մեկից ազատվելու խնդիր դրված չէ և դրված չի լինելու, խնդիրը հետևյալի մեջ է․ Սահմանադրական դատարանը՝ որպես բարձրագույն դատական ատյան սահմանադրական հարցերով, չունի որևիցե մարմին, որը կարող է դիտարկվի որպես իր վերադասը, բայց սա դեռևս չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը պետք է շեղվի այն լիազորություններից, որով վերջինիս օժտել է Սահմանադրությունը», - ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը՝ շարունակելով․ - «Մենք նման դեպքերին ենք ականատես դառնում մի քանի․․․ մասնավորապես, օրինակ, եթե ուսումնասիրենք Եվրոպական դատարան դիմելը, Վենետիկի հանձնաժողով դիմելը, ապա պարզ չի՝ ինչ ընթացակարգով է, օրինակ, իրականացրել այդ դիմումները, այն պարագայում, երբ որ գործի քննությունները կասեցված էին»:

Աժ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ խոսքը Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների մասին է։ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցի քննությունը բարձր դատարանը կասեցրեց և դիմեց միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվություն ստանալու համար։

«Դիմելու իրավունք միշտ ունեն, բայց ի՞նչ ակտով: Սահմանադրական դատարանը ընդունում է որոշում և եզրակացություն: Մենք դեռ մինչ այսօր չենք ստացել Ազգային ժողովում հայերեն տարբերակը այդ դիմումների, բայց, այդուհանդերձ, անգլերեն տարբերակի մեջ չկա որևիցե նշում առ այն, թե դա ինչ փաստաթուղթ է, օրինակ՝ որոշման հավելված է, որոշման հիման վրա ընդունված փաստաթուղթ է, ինչպե՞ս կարող է էդ որոշումը կայացվեր, դատավորների ձայների ի՞նչ հարաբերակցությամբ է կայացվել․ էս հարցերը մնում են բաց», - նշեց Վարդանյանը:

«Իմ քայլ»-ի պատգամավորը շեշտեց՝ վենդետա իրենք չեն իրականացնելու․ - «Կառուցո՞ւմ ենք իրավական պետություն բոլորս միասին՝ կարծես թե կառուցում ենք, մենք ուզո՞ւմ ենք ունենանք ապաքաղաքականացված Սահմանադրական դատարան՝ ուզում ենք, մենք սկսե՞լ ենք վհուկների որս՝ իհարկե ոչ, մենք փորձո՞ւմ ենք վենդետայով առաջնորդվենք՝ իհարկե ոչ, և եթե այդպես չի, ապա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում, երբ հայտնաբերել ենք խնդիր, նույնականացրել ենք խնդիր, խնդրի լուծման եղանակը Սահմանադրությամբ նախատեսված Ազգային ժողովին փորձում ենք առաջարկել»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունն ավելի վաղ չէր նախաձեռնել նման գործընթաց: «Հասկանալի է, որ դատական իշխանության անկախությունը պահպանելու համար և այդ մարմինը առողջացնելու համար առաջին հերթին պետք է որ նախաձեռնությունները և այդ որոշումները բխեն հենց դատական մարմնի կողմից, դատական իշխանության կողմից: Եվ, բնականաբար, Սահմանադրական դատարանը այս ընթացքում ուներ բոլոր հնարավորությունները՝ ձեռնարկելու այն քայլերը, որը այս պահին Ազգային ժողովը, այսինքն՝ օրենսդիր մարմինը, իր լիազորությունների շրջանակներում նախաձեռնում է: Եվ, հետևաբար, ես կարծում եմ՝ նաև պատասխանեցի ձեր այն հարցին, խնդրեմ, պարոն Վարդանյանը կարող է հավելել, որ բացարձակապես Ազգային ժողովի պատգամավորները, խմբակցությունը և ընդհանրապես օրենսդիր մարմինը որևէ կերպ չի շրջանցելու իր լիազորությունները և չի գերազանցելու դրանք: Այսինքն՝ անելու ենք ամենը միայն օրենքով մեզ վերապահված շրջանակներում», - հայտարարեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը: