Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009-ի դատավճիռների դեմ

Սմբատ Այվազյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», հունվար, 2013թ․

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009 թվականների ընթացքում դատարանների կայացրած վճիռների դեմ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճռով Այվազյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008-ի փետրվարի 24-ին հայտնաբերվել էր անձնական խուզարկությամբ, ինչպես նաև՝ չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով: Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել էր նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և երկու տարվա ազատազրկման։

Դատավճիռը Այվազյանի և նրա պաշտպանների կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, 2009-ի հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել էր՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։ Չնայած Վերաքննիչի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանը 2009-ի հունիսի 15-ին պաշտպանների բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը 2014 թվականին մահացել է:

«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին առնչվող այն քրեական գործերն ու դրանցով կայացված դատավճիռները, որոնցով դատապարտված անձանց իրավունքների խախտում է արձանագրվել, կամ ի հայտ են եկել նման հնարավոր խախտումների վերաբերյալ նոր փաստական տվյալներ: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Սմբատ Այվազյանին առնչվող վերոնշյալ գործը, որի արդյունքում պարզվել է, որ գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը», - ասված է Դատախազության այսօրվա հաղորդագրությունում:

Տե՛ս նաև այստեղ