Մատչելիության հղումներ

Սմբատ Այվազյան. «Հայաստանում քաղաքական դատավարությունների հեղափոխություն է լինելու»


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը այսօր դատարանի դահլիճում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, թե իրեն շարունակում են անազատության մեջ պահել նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով:

Այդ հրահանգը, ըստ փետրվարի 24-ից կալանավորված Սմբատ Այվազյանի, Սերժ Սարգսյանը տվել է իր վերջին ասուլիսում. - «Դատարանին ինչ հրահանգեն` այն էլ անելու է: Իսկ հրահանգը Սերժ Սարգսյանը իր 100 օրվա վերաբերյալ մամուլի ասուլիսում ասաց` որ ջրհեղեղ չի լինի, եթե Հայաստանը Եվրախորհրդի առջեւ որոշակի պարտավորություններ չանի: Իսկ այդ որոշակի պարտավորությունները, առաջին հերթին, բանտարկյալներին էր վերաբերում: Այսինքն, ինքը հրահանգեց` «դուք հանգիստ գնացեք, իմ ասած ապօրինի որոշումները կայացրեք, ես տեր եմ»: Այսինքն, որեւէ սպասելիք դատարանից բացարձակ գոյություն չունի»:

Նա հաստատեց, որ իրեն քաղբանտարկյալ է համարում. - «Իհարկե, միանշանակ»:

«Սպասելիքը հայ ժողովրդից է, Համաժողովրդական շարժումից է սպասելիքը, որ երկրում արդարադատությունը վերջապես կհաղթի, արդարադատություն կլինի», - ասաց Այվազյանը` հավելելով. - «Եվ այս կարգի դատավորները, որոնք պատրաստ են միշտ հրահանգներ կատարելու, այս կամ այն պաշտոնյայի կամքը կատարելու, տեղ չեն ունենալու ապագա Հայաստանում»:

«Իսկ ձեզ պահելով ի՞նչ խնդիր են լուծում», - այս հարցին Սմբատ Այվազյանը արձագանքեց. - «Ինձ նման բազմաթիվ մարդիկ կան, որոնք շատ ակտիվ են լինելու ամբողջ համաժողովրդական շարժման ընթացքում, մենք դրսում լինենք` շատ ավելի մեծ թափ կստանա շարժումը, ես կարծում եմ, այդ պատճառով անազատության մեջ են փորձում պահել»:

«Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանում «թավշյա» հեղափոխություն է լինելու կամ «եռագույն» հեղափոխություն է լինելու. ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դատավարությունների հեղափոխություն է լինելու: Մենք էլ մեր բաժին հեղափոխությունը անելու ենք դատարաններում, դատական նիստերի ժամանակ, դատարանների միջոցով», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստում Այվազյանի 4 պաշտպաններից Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին ազատ արձակելու մասին` այն հիմնավորմամբ, որ հուլիսի 15-ին նրա կալանքի ժամկետը լրացել էր, իսկ դրանից հետո դատավորը խափանման միջոցի մասին որեւէ որոշում չէր կայացրել, ինչը նշանակում է, որ հուլիսի 15-ից սկսած Այվազյանը ապօրինի գտնվում է կալանքի տակ: Ի պատասխան` դատավոր Գագիկ Ավետիսյանը նշեց, թե ինքը հուլիսի 14-ին որոշում կայացրել էր, ուղղակի համակարգչային վրիպակ է տեղի ունեցել, եւ կալանքի վերաբերյալ իր որոշման հատվածը դուրս է մնացել տեքստից:

Խորհրդակցական սենյակում մոտ մեկ ժամ մնալուց հետո դատավորը մերժեց պաշտպանական կողմի միջորդությունը: Լուսինե Սահակյանը «ապօրինի» որակեց դատարանի որոշումը:

Փաստաբան Հովիկ Արսենյանը, իր հերթին, միջորդեց փոխել Այվազյանի խափանման միջոցը, սակայն մեղադրողը դատարանին առաջարկեց այդ քննարկումը հետաձգել` համարելով այն վաղաժամ: Դատավորը ընդունեց մեղադրողի կողմի առարկությունը:

Դատախազ Հովսեփ Սարգսյանը ընթերցեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի` Սմբատ Այվազյանը մեղադրվում է ապօրինի կերպով սառը զենք, տվյալ դեպքում` զսպանակավոր մահակ կրելու, եւ ոստիկանին բռնության ենթարկելու մեջ:

Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո Սմբատ Այվազյանը հայտարարեց. - «Որեւէ հանցագործություն չի եղել այդ օրը: Ինձ ձերբակալել են 1937 թվականի փետրվարի 24-ին: Հանցագործություն տեղի չի ունեցել այդ օրը: Որեւէ բանում ես ինձ մեղավոր չեմ կարող ճանաչել»:

Այնուհետեւ դատավորը հայտարարեց դատաքննությունը սկսելու մասին:

Պաշտպանական կողմը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվել , որ ապօրինի զենք ունենալու մեջ կասկածվող Սմբատ Այվազյանին բերման են ենթարկել ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի 4-րդ վարչության 4-րդ` թմրամոլության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները:

Հարցին պատասխանելու համար մեղադրող կողմը 5 րոպե ընդմիջում խնդրեց, ապա 5 րոպե անց դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատավորը միջնորդությունը բավարարեց եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ հուլիսի 30-ը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG