Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անցած տարվա նոյեմբերի 19-ի դատավճռով Սմբատ Այվազյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», եւ 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Վերաքննիչ բողոքը բերվել էր Սմբատ Այվազյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի կողմից:
Դատական նիստը նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը, ազդարարելով վճիռը՝ «որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավորված է եւ պատճառաբանված, պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքում բերված փաստարկները հիմք չեն կայացված դատավճիռը բեկանելու», այնուհետեւ կարդաց Սմբատ Այվազյանի գրությունը, որով վերջինս հրաժարվել էր ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը:
Դատավճռի հրապարակման կեսից նիստին ներկա գտնվողները լքեցին դատարանի դահլիճը:
Պաշտպան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատավորները ճնշումների ազդեցության տակ են:
«Միանշանակ բողոքարկելու ենք, ոչ թե նրա համար, որ հույս ունենք, թե Վճռաբեկ դատարանը պետք է իր ակտը կայացնեի օրինականության սահմաններում, այլ որովհետեւ ներպետական ատյանները սպառելու խնդիր ունենք», - ասաց Սահակյանը:
Անուշ Մարտիրոսյան