Հեմոդիալիզի քրեական գործով գլխավոր մեղադրյալ, լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ (Պետական վերահսկողության ծառայություն) պետ Դավիթ Սանասարյանը պատրաստվում է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել նախաքննական մարմնին:
Սանասարյանն իր ֆեյբուքյան էջում հրապարակել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտից ստացված գրությունը, որում նշված է «Սանասարյանի մտերիմ կապերի, Սանասարյանի և ՊՎԾ աշխատակիցների կողմից հանձնարարականում նշված կազմակերպություններում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ ապօրինի գործողություններ կատարելու, նրա կողմից անձնական կարիքների համար օգտագործված և չհայտարարագրված գումարների ծագման, ստացման, իրական հանգամանքների և նպատակի, բացի աշխատավարձից ու պարգևավճարներից , որևէ այլ կազմակերպությունից, անհատից, մերձավորից, դրաման միջոցներ, գույք, նվեր, կամ այլ տեսակի եկամուտներ ստանալու վերաբերյալ տվյալներ դեռևս չեն ստացվել»:
Սանասարյանի ներկայացրած փաստաթղթի վերջում գրված է՝ օպերատիվ-հետախուզական աշխատանքները դեռ շարունակվում են:
Պետական վերահսկողական ծառայությունը գրեթե մեկ տարի ղեկավարած Սանասարյանն ասաց, որ միջնորդությունը ներկայացնելուց հետո չակերտներ կբացի: Այսօր կարճ խոսեց:
Հարցին՝ այդ փաստաթղթից հրապարակել եք միայն ձեզ ձեռնտո՞ւ հատվածը, Սանասարյանը պատասխանեց․ - «Ոչ թե ինձ ձեռնտու էր, այլ այդ կոնկրետ օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքները իմ համար նորություն չի եղել: Պետք է իմ սիրտը վախ լիներ, որ ինչ-որ բան արել էի, ու իրանք կարող ա հայտնաբերեն: Անիմաստ պետական ռեսուրս է ծախսվել, փոխարենը կարող էին լուրջ հանցագործներ ման գային, գտնեին»:
ԱԱԾ-ում դեռ նախորդ ամիս է ավարտվել Սանասարյանի գործով նախաքննությունը: Ամիսներ առաջ հայտարարել էին, թե բավարար ապացույցներ ունեն, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սանասարյանն այս մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե հեմոդիալիզի պարագաները ձեռք բերելու մրցույթի
տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնմանը կարող էր մասնակցել միայն մեկ ընկերություն: իսկ ինքը փորձել է մենաշնորհ կոտրել:
Այս գործի շրջանակներում, հիշեցնենք, ցուցմունք է տվել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոյանը:
Մամուլը գրում էր, որ ցուցմունք տվողներից է եղել ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, որն այս գործով կալանավորվել էր, հետո ազատ արձակվել:
Դավիթ Սանասարյանը ցուցմունք տվողների անուններ չնշեց, միայն ասաց․ - «Կեղծ ցուցմունքները ես ուղղակի կջանդեմ»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն այս գործին հետևում է առաջին իսկ օրից: Նա պնդում է, որ գրեթե բոլոր իրավապահ մարմիններում եղել են ստուգումներ, բացի ԱԱԾ-ից: Ըստ Իոաննիսյանի, ՊՎԾ-ն այդ լիազորություններն ունեցող մարմիններից մեկն է:
«Ես իմ կարծիքս չեմ փոխել, որ Դավիթ Սանասարյանը օրինականության ապահովման ֆունկցիա ունեցող միակ կառույցի ղեկավարն էր, որը հեղափոխական է, և որը նախորդ կոռումպացված ռեժիմի մաս չի կազմել, կոռումպացված իշխանությունների հետ չի համագործակցել: Որևիցե կասկած, որ Դավիթ Սանասարյանը կարող է ինքը կոռումպացված լինել կամ կոռուպցիայի մեջ ներգրավված լինել, ես չունեմ», - հավելեց Իոաննիսյանը:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների հետ զրույցներում մի քանի անգամ նշել է, որ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավորված է տարբեր ցուցմունքներով․ - «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել: Երբ գործը կուղարկվի արդեն դատարան, դատարանում դուք բոլորդ հնարավորություն կունենաք ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում: Եվ հանրությունը կգնահատի այդ ապացույցների իսկությունը»:
Հարցին, թե արդյոք պատրաստ է շարունակել պաշտոնավարել որպես ՊՎԾ պետ, Սանասարյանն արձագանքեց․ - «Երբ արդարացվեմ, կմտածեմ»: