Թեհրանը հետ է կանգնում 2015-ի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորությունից

Թեհրանն այսօր պաշտոնապես տեղեկացրել է Եվրամիությանը, որ հետ է կանգնել միջուկային փորձարկումներն ու հետազոտությունները սահմանափակելու պարտավորությունից, որը ստանձնել էր 2015-ին՝ գերտերությունների հետ կնքված գործարքով:

Արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այդ մասին նամակ է ուղարկել Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիին, նշելով, որ Թեհրանը գնում է այդ քայլին ի պատասխան Վաշինգտոնի՝ համաձայնագրից միակողմանի դուրս գալու որոշման:

Անցյալ տարվա մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով տնտեսական պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ, նաև սպառնալով պատժել այն երկրներին, որոնք կշարունակեն Իրանի հետ տնտեսական կապեր ունենալ: Թրամփի վարչակազմը պնդում է, թե Իրանը ոչ միայն չի հետևել այդ փաստաթղթի դրույթներին, այլև կուլիսներում հովանավորել ու հրահրել է ահաբեկչության տարածումը Մերձավոր Արևելքում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

Երկու օր առաջ ամերիկյան կառավարությունը Իրանի նկատմամբ նոր՝ հերթական պատժամիջոցները սահմանեց, այս անգամ 9 ֆիզիկական անձանց, 16 ընկերությունների և 6 նավթակիրների դեմ:

Ի պատասխան ամերիկյան ցավոտ սահմանափակումների, որոնց հետևանքով Իրանի տնտեսությունը մեկ տարուց ավելի ճգնաժամի մեջ է, Իրանի կառավարությունը հայտարարել է, թե այսօրվանից իրանցի գիտնականները սկսելու են ստեղծել նոր՝ ավելի հզոր ցենտրիֆուգներ։ Իրանը նախկինում ուրանը հարստացրել է հին սերնդի ցենտրիֆուգներով: Նոր սարքավորումները թույլ կտան արագացնել միջուկային զենքի ստեղծումը, թեև Թեհրանը հավաստիացնում է, թե նման մտադրություն չունի:

Անցած մայիսին Թեհրանը 60 օր էր տվել Բրյուսելին Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար, ինչը, ըստ Իրանի իշխանությունների, Եվրամիությանը չի հաջողվել:

Փարիզը պատրաստակամություն էր հայտնել Թեհրանին վարկային միջոցներ տրամադրել, եթե Իրանը վերադառնա միջուկային գործարքով ստանձնած պարտավորություններին, ապահովի Պարսից ծոցում անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, նշելով, որ այդ գումարը, որն, ըստ արևմտյան մամուլի, շուրջ տասնհինգ միլիարդ դոլար է կազմում, թույլ կտա Իրանին վերականգնել նավթի արտահանման արգելքի պատճառով կրած վնասները:

Այս առաջարկը դեռևս քննարկումների փուլում է, փորձագետները նշում են, որ նախագահ Մակրոնը պատրաստ է այդ քայլին, եթե Սպիտակ տնից դրական ազդակներ ստանա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու ցանկության մասին չի խոսել, բայց չի բացառել, որ առաջիկայում Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի շրջանակներում կարող է հանդիպել իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի հետ։

Նման հանդիպման հնարավորության մասին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Թրամփը ասել է. - «Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Նրանք կցանկանային հնարավորություն ունենալ լուծելու իրենց խնդիրները։ Մենք կարող էինք այդ հարցը լուծել քսանչորս ժամում»։

Ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը այսօր հայտարարել է, թե Իրանը դանդաղ, բայց առաջ է շարժվում ընդունելու ամերիկյան կողմի բանակցությունների առաջարկը։

«Թվում է՝ Թեհրանը հասնում է այն կետին, որտեղ մենք կարող ենք խոսել», - ելույթ ունենալով Լոնդոնի վերլուծական կենտրոններից մեկում` ասել է Պենտագոնի ղեկավարը: