Իրանը շարունակում է չեղարկել 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Այսօրվանից իրանցի գիտնականները սկսելու են ստեղծել նոր՝ ավելի հզոր ցենտրիֆուգներ:
Հսկայական արագությամբ իր առանցքի շուրջը պտտվող ցենտրիֆուգում ուրան պարունակող գազ են լցնում և որոշ ժամանակ անց ուրան-235-ի մոլեկուլները տարանջատվում են ուրան 238-ից ու գազի մեջ պարունակվող այլ նյութերից: Ուրան 235-ը չնչին քանակով է արտադրվում, բայց եթե գործի են դրվում հազարավոր կամ տասնյակ հազարավոր ցենտրիֆուգներ, ստեղծվում է մի քանի կիլոգրամ ուրան կուտակելու հնարավորություն: 80 տոկոսից բարձր հարստացման եղանակով ստացված ուրան-235-ն այլևս անվանում են «մարտական ուրան»: Այդ նյութից 50-60 կիլոգրամը բավական է ատոմային ռումբի պարզունակ տարբերակ ստեղծելու հանար: Նման ռումբն է ոչնչացրել Հիրոշիման:
Մինչդեռ, այդ ուրանը ճառագայթելու մեթոդով ստանում են նույն քանակի պլուտոնիում-239 տեսակի նյութ: Նագասակին ոչնչացրած ռումբը պլուտոնիումից էր, մարտական նյութը նարնջի չափի էր, իսկ քաշն՝ ընդամենը 6 կիլոգրամ:
Իրանը նախկինում ուրանը հարստացրել է հին սերնդի ցենտրիֆուգներով: Նոր սարքավորումները թույլ կտան արագացնել միջուկային զենքի ստեղծումը, թեպետ Թեհրանը մշտապես պնդում է, որ նման մտադրություն չունի:
Իրանը պնդում է, որ աստիճանաբար չեղարկում է 2015 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, քանի որ Միացյալ Նահանգները դուրս է եկել պայմանագրից և անարդար պատժամիջոցներ է սահմանել:
«Ես հայտարարում են, որ մեր Ատոմային էներգիայի գործակալությանը հանձնարարում ենք անմիջապես սկսել տեխնիկական գործընթացը, որն անհրաժեշտ է հետազոտություններն ու զարգացումը շարունակելու և 2015 թվականի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություններից հրաժարվելու համար», - հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
Նրա փոխանցմամբ, Իրանում մոտ ապագայում կստեղծվեն և կշահագործվեն նոր ցենտրիֆուգներ և այլ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ուրանը հարստացնելու համար:
Իրանը շարունակում է պնդել, թե միջուկային նյութը նախատեսվում է միայն ատոմային էլեկտրակայանների համար: Իսրայելի և Միացյալ Նահանգների համոզմամբ՝ իրականում Թեհրանի նպատակը միջուկային ռումբ ստեղծելն է: