ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը՝ հակասահմանադրական ճանաչելով դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։

Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական ճանաչեց Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:

Որոշման եզրափակիչ մասը հրապարակեց դատարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը․ - «Առաջին, Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր, երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, երրորդ՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Թովմասյանը նաև հայտարարեց, որ դատարանի երկու դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը, հատուկ կարծիք են հայտնել:

Ըստ Բարձր դատարանի այս որոշման, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում, քանի որ Սահմանադրությամբ հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չկա։ Եվ հենց այս հանգամանքն է հակասում Սահմանադրության մի շարք հոդվածների՝ այն է՝ անձնական ազատության, դատական պաշտպանության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, համաչափության սկզբունքի մասին հոդվածներին։

Որոշումը հրապարակելուց հետո Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտարարեց, թե սա նշանակում է, որ անձեռնմխելությամբ օժտված նախագահը չպետք է պահվի անազատության մեջ։ Վարդևանյանը շեշտեց, որ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական և անվավեր ճանաչված հոդվածը վերաբերում է անձեռնմխելիությամբ օժտված նախագահին կալանավորելու հարցին։ Քոչարյանի փաստաբանները դիմելով ՍԴ՝ նշել էին, որ Քրեական դատավարության օրենսգրքում չկա մի դրույթ, որը կկարգավորի անձեռնմխելությամբ օժտված նախագահի արդար դատաքննության իրավունքը, երբ խոսքը գնում է նրա խափանման միջոցի մասին։

«Հենց դրանով երկրորդ նախագահի՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը: Այսինքն, անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում, երբ այն սահմանափակվում է: Տվյալ դեպքում երկրորդ նախագահի անձնական ազատությունը, կարծում եմ բոլորդ քաջատեղյակ եք, որ սահմանափակվել է և սահմանափակված է ներկայումս: Դրանով իսկ այն հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության անձնական ազատության իրավունքին: 61-րդ հոդվածը և 63-րդ հոդվածը նախատեսում են արդար դատաքննության իրավունքը, իսկ 78-րդ հոդվածը արդեն վերաբերում է ընթացակարգային և կառուցակարգային երաշխիքներին և որոշակիությանը», - պարզաբանեց փաստաբանը:

Արամ Վարդևանյանը շեշտեց, որ Բարձր դատարանի կողմից սահմանադրական ճանաչված հոդվածը, որն առնչվում է խափանման միջոց կիրառելու հիմքերին, հակասահմանադրական ճանաչված հոդվածին լրացնող դրույթ է, և դրանք առանձին չեն կարող կիրառվել։

Արդյո՞ք այս որոշումը նշանակում է, որ հունիսի 25-ից կալանքի տակ գտնվող և սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահը պետք է ազատ արձակվի կալանքից: Այս հարցին Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը ենթակա է կատարման, և որ այն կարող է ի կատար ածել նաև քրեակատարողական ծառայությունը, որի իրավասության տակ էլ գտնվում է Քոչարյանը։ Կամ էլ որոշումը կարող է կատարել առաջին ատյանի դատարանը, որի վարույթում է գտնվում Քոչարյանի և մյուս նախկին 3 բարձրաստիճան պաշտոնյաների գործը։ Օգոստոսի 12-ին առաջին ատյանի դատարանում կվերսկսվի դատավարությունը։

«Ընթացակարգը հետևյալն է․ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների համար, և՛ գործադիր իշխանության համար, և՛ բոլորի համար: Եվ Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է առհասարակ», - հավելեց երկրորդ նախագահի փաստաբանը:

«Ազատության» հարցին ի պատասխան, թե արդյոք այսօրվա որոշումը նշանակում է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, Վարդևանյանը պատասխանեց․ - «Այդ հարցին պատասխանը հնարավոր կլինի տալ բացառապես որոշմանը ծանոթանալուց հետո»: