Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի դիմումը


Սահմանադրական դատարանում (ՍԴ) այսօր մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա դատաքննությունը, որով Հայաստանի երկրորդ նախագահը և իր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Բարձր դատարանից խնդրում են հակասահմանադրական ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներ, որոնք առնչվում են խափանման միջոցին և քրեական հետապնդմանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն արդեն մեկ տարի շարունակ նշում են, որ երկրորդ նախագահը չպետք է առհասարակ քրեական հետապնդման ենթարկվեր, քանի որ նրա կողմից կատարված գործողությունները 2008-ի իրադարձությունների ժամանակ բխել են նախագահի լիազորություններից։

Մինչ այս պահը պարզ չէ, թե դատարանը երբ դուրս կգա խորհրդակցական սենյակից և կընթերցի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ասացին, որ դատաքննությունն այսօր չէ, որ մեկնարկել է, այլ դիմումի ուսումնասիրությունը արդեն տևական ժամանակ է ընթանում է, այսօր պարզապես դատավորները պետք է որոշումները կայացնեն։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով ներկա է դատարանում, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարանից արդարադատություն է ակնկալում։

«Ակնկալիքս այն է և հույսս, որ դատավորները կգործեն ըստ օրենքի, ըստ Սահմանադրության և չենթարկվելով այսպիսի բաների ու նաև երկրի ղեկավարության կողմից այն աննախադեպ ճնշումներին, որը իրականացվում է արդեն երկար ժամանակ», - ասաց Լևոն Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հարցին ի պատասխան այսօր հայտարարեց, որ եթե Բարձր դատարանը հաշվի առնի այն բոլոր փաստարկները, որոնք իրենք են ներկայացրել, ապա երկրորդ նախագահը պետք է ազատ արձակվի։

«Եթե ամբողջությամբ բոլոր փաստարկները, որոնք որ մենք ենք բերել, եթե էդ բոլոր փաստարկները Սահմանադրական դատարանը ընդունեց հենց էնպես, ինչպես որ մենք ենք բերել ու հենց էն բոլոր մեկնաբանությունները, որոնք մենք ենք ներկայացրել առաջին հերթին, իհարկե, պարոն Վարդևանյանը, եթե այդ ամեն ինչը ընդունվեց Սահմանադրական դատարանի կողմից, այո, ապա պետք է Ռոբերտ Քոչարյանը անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի», - ընդգծեց Ալումյանը։

XS
SM
MD
LG