Մոսկվայի Տվերսկոյ դատարանն այսօր երեք տարվա ազատազրկման է դատապարտել հուլիսի 27-ին Մոսկվայի կենտրոնում բողոքի ցույցին մասնակցած Կիրիլ Ժուկովին։ Նրան մեղադրել են Ռոսգվարդիայի ներկայացուցչի դիմակը քաշելու և դրանով նրան ցավ պատճառելու մեջ։
Տուժողը Ասկարբեկ Մադրեյմովն է։ Նրա ցուցմունքի համաձայն՝ Ժուկովը ձախ ձեռքով հարվածել է իր գլխին՝ դիմակը հանելու համար։
Մեղադրող կողմը 4,5 տարի էր պահանջում Ժուկովի համար։ Իսկ երիտասարդ տղամարդը դատարանում խնդրում էր, որ իրեն պայմանական ազատազրկման դատապարտեն։
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայի դատարանը այսպես կոչված «մոսկովյան գործի» շրջանակներում ևս երկու ցուցարարների էր դատապարտել ազատազրկման։ 25-ամյա Իվան Պոդկապաևը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, իսկ 25-ամյա Դանիլ Բեգլեցը՝ երկու տարվա։ Նրանց նույնպես մեղադրում են իրավապահների նկատմամբ ուժ կիրառելու մեջ, թեև որևէ վնաս ոստիկաններին չէր հասցվել։ Բեգլեցն ընդհանրապես երկու տարվա ազատազրկման է դատապարտվել միայն նրա համար, որ քաշել էր ոստիկանի ձեռքը։
Երեկ Քննչական կոմիտեն հայտարարել էր, թե դադարեցնում է քրեական գործը Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ուսանող Եգոր Ժուկովի դեմ։ Մոսկվայի ամենահայտնի բուհերից մեկի ուսանողին մեղադրում էին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, սակայն գործը կարճվել է երեկ, իսկ Ժուկովին կալանավայրից տեղափոխել են տնային կալանքի։ Սրա հետ մեկտեղ՝ ուսանողի դեմ նոր քրեական գործ են հարուցել համացանցում ծայրահեղական գործողությունների կոչերի համար։
Երեկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգ ցուցարարների դեմ քրեական գործերը կարճվել են։ «Մոսկովյան գործի» շրջանակում դատավարությունները շարունակվում են։
Հիշեցնենք՝ բողոքի այս ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել գրեթե բոլոր ընդդիմադիրներին սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին։ Կոռուպցիայի դեմ հիմնադրամի ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին «Խելացի ընտրություն» ռազմավարության շրջանակում կոչ է անում իր աջակիցներին մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը տալ այլ, այդ թվում նաև կոմունիստ թեկնածուներին, միայն թե չանցնեն իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուները։
Այսօր «Պրոյեկտ» պարբերականը գրել է, թե Կրեմլը որոշել է ընդդիմադիր թեկնածուներին չգրանցել որպես թեկնածու, երբ փակ հարցումների արդյունքում պարզել է, որ ընդդիմադիրները շատ բարձր վարկանիշ ունեն և կարող են հաղթել Մոսկվայի դումայի ընտրություններում առնվազն 9 շրջաններում։ Այդ հարցումների համաձայն՝ հաղթելու բոլոր շանսերն ունեին Նավալնու հիմնադրամի աշխատակիցներ Լյուբով Սոբոլը և Իվան Ժդանովը, Մոսկվայի դումայի պատգամավորներ Իլյա Յաշինը, Յուլիա Գալյամինան և Ելենա Ռուսակովան, ինչպես նաև ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովը։ «Պրոյեկտ»-ը պնդում է, որ Կրեմլը մինչև այդ փակ հարցումը պատրաստ էր թույլ տալ ընդդիմադիրներին մասնակցել և որոշ տոկոս ստանալ ընտրություններին, սակայն չէր կարող թույլ տալ, որ մայրաքաղաքում Կրեմլի կոշտ ընդդիմադիրները լուրջ հաղթանակ արձանագրեին։