Մատչելիության հղումներ

Լյուբով Սոբոլը հարձակման է ենթարկվել


Մոսկվայում այսօր սեփական տան մոտ հարձակման է ենթարկվել ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլը, ով դարձել էր վերջին ամիսներին Մոսկվայում սկսված բողոքի ցույցերի խորհրդանիշներից մեկը:

«Հենց նոր տանս շքամուտքի մոտ, երբ տաքսի էի նստում, հարձակվեցին ու վրաս ինչ-որ կեղտ լցրեցին», - Թվիթերում գրել է Սոբոլը, հավելելով՝ միջադեպին ներկա է եղել և տեղի ունեցողը տեսանկարահանել է մի երիտասարդ, ով կապված է նախագահ Պուտինի մերձավոր բիզնեսմեններից մեկի՝ Եվգենի Պրիգոժինի հետ:

«Ինձ վրա հարձակվեցին մարդիկ, որոնք ուզում են ցույց տալ, թե անարգել կարող են բռնանալ ցանկացած մարդու վրա, և դրա համար պատասխան չտալ: Կարող են իրական մարդկանց ստորագրությունները կեղծիք որակել և թույլ չտալ անկախ թեկնածուների մասնակցությունը ընտրություններում, հինգ անգամ անընդմեջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուներին ու ծեծել խաղաղ ցույցերի մասնակիցներին: Ես այս ամենաթողության ու անիրավության հետ չեմ հաշտվելու», - հարձակումից քիչ անց պնդել է Սոբոլը, ով ավելի վաղ շուրջ մեկ ամիս հացադուլ էր հայտարարել իշխանությունների կամայականությունների դեմ:

31 ամյա իրավաբանը քաղաքական կարիերան սկսել է 8 տարի առաջ՝ ակտիվորեն մասնակցելով ընդդիմության ցույցերին ու միջոցառումներին:

2012-ին Սոբոլն առաջադրվել էր Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում՝ ընդդիմության միասնական ցուցակով, և ավելի շատ քվե ստացել, քան, օրինակ, այն ժամանակ առավել հայտնի Բորիս Նեմցովն ու Սերգեյ Ուդալցևը:

Մոտ տասը տարվա ընդմիջումից հետո՝ այս տարի, Սոբոլը որոշել էր նորից առաջադրվել Մոսգորդումայի ընտրություններում, սակայն Ռուսաստանի իշխանությունները մերժել էին ոչ միայն նրա, այլև տասնյակ այլ թեկնածուների գրանցումը, պատճառաբանելով, թե կեղծիքներ են գտել ներկայացված ստորագրություններում: Ընդդիմադիրները որոշումը քաղաքական պատվեր են որակում, և հուլիսի կեսերից պարբերական բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով ազատ ու մրցակցային ընտրություններ: Ընդ որում, հարձակման ենթարկվելուց ժամեր առաջ՝ երեկ, Սոբոլը Յություբով հայտարարել էր առաջիկա շաբաթ օրը կայանալիք հերթական ակցիայի մասին:

«Ես հորդորում եմ ձեզ օգոստոսի 31-ին դուրս գալ այս ամենաթողության ու անիրավության դեմ ու պահանջել, որ իրական ու անկախ թեկնածուները ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան. ես ինքս մասնակցելու եմ Մոսկվայի կենտրոնում կայանալիք ակցիաներին, ես չեմ պատրաստվում հանձնվել և շարունակելու եմ պայքարը: Սա մե՛ր քաղաքն է, և ոչ թե ստահակների, որոնք օրը ցերեկով աղբով հարձակվում են մարդկանց վրա», - ասել էր Սոբոլը:

Հուլիսի կեսերից սկսված բողոքի ցույցերին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում՝ չնայած ոստիկանների բիրտ ճնշումներին ու համատարած ձերբակալություններին: Սա, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Ռուսաստանում վերջին տարիներին արձանագրված բողոքի ամենահուժկու ալիքն է, որը կարող է էլ ավելի ընդարձակվել օր-օրի խորացող տնտեսական խնդիրների պատճառով: Սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը աննախադեպ անկում է արձանագրում: Ըստ «Լևադա» կենտրոնի, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, Վլադիմիր Վլադիմիրովիչը կստանար ձայների ընդամենը 40 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG