Հայկ Գևորգյան․ «Հայաստանում տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացիա զարմանալիորեն արագ»

Moody’s հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի կառավարության արտոնյալ պարտքի վարկանիշերը՝ դրականից կայուն գնահատելով արտոնյալ պարտքի հեռանկարը:

Դրական տեղաշարժը, ըստ վարկանիշային կազմակերպության, պայմանավորված է Հայաստանի մակրոտնտեսական կայունությամբ, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգով, դրանք կատարելու հանձնառությամբ, հարկաբյուջետային քաղաքականությամբ և տնտեսության կառուցվածքային փոփոխություններով:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Ստորև՝ հատվածներ հարցազրույցից․

Հայկ Գևորգյան․ - Մենք մտնում ենք լրիվ նոր իրողություն, երբ Հայաստանի վարկանիշը Moody’s-ի կողմից բարձրացվում է վերջին կարծեմ 13 տարիներին առաջին անգամ․ անցած 13 տարիներին եթե փոփոխություն կրել էր այդ վարկանիշը, ապա միայն նվազել էր: Եվ դա ինձ, ճիշտն ասած, բավականին ուրախացնում է, ու դրա արդյունքները, կարծում եմ, կարող են լինել բավական զգալի:

Այն, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացվում է, ի զարմանս ինձ՝ ակնհայտ դարձավ դեռ անցած տարի, երբ ստացվող ցուցանիշներով՝ հանքարդյունաբերության կտրուկ նվազման պայմաններում արձանագրվում էր վերամշակող տնտեսության շատ զգալի ու որակյալ, այսպես կասեմ, աճ: Ես անձամբ չէի սպասում, որ էդ տրանսֆորմացիան կլինի էդքան արագ, որովհետև ինքը տնտեսությունը շատ իներցիոն, այսպես, բնույթ ունի ամբողջ աշխարհում, և ոչ մի երկիր չի կարող մի օր առավոտյան արթնանալ ու փոխել իր տնտեսական կառուցվածքը: Փաստորեն, Հայաստանում տեղի է ունեցել էդպիսի դիվերսիֆիկացիա շատ արագ, զարմանալիորեն արագ, և մեր խնդիրն է դա պահպանել հետագայում, ու դա հաստատ կպահպանվի, կարծում եմ, որովհետև այսօր արձանագրվող այն ներդրումները թե որ ոլորտ են ուղղվում՝ դրանք հիմնականում ուղղվում են այն ոլորտներ, որոնք կառավարությունը հռչակել է որպես գերակա, այն է՝ վերամշակող արդյունաբերություն, տեխնոլոգիական, այսինքն՝ նոր տեխնոլոգիաներով գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն:

«Ամուլսարի շուրջ այս ամբողջ պրոցեսը հիմնականում դուրս է բնապահպանական թեմայից»

Գևորգյան․ - Այստեղ կա տեխնոլոգիաների կիրառման խնդիր: Այն տեխնոլոգիան, որը կիրառում է «Լիդիան»-ը Ամուլսարի հանքաքարի մետաղները կորզելու համար, դա աննախադեպ է Հայաստանի համար, այսինքն՝ դա փակ ցիկլով է գնում ամբողջ պրոցեսը, և այդտեղից, որպեսզի խոսենք շրջակա միջավայրի վնասների մասին, դա սկսվում է էն կետից, որ եթե հանկարծ էդ փակ համակարգը ինչ-որ ձևով խաթարվի, ու ինչ-որ հեղուկներ արտահոսեն դեպի շրջակա միջավայր, այսինքն՝ ամբողջ գնահատումը կատարվում է էն ենթադրության հիման վրա, որ կարող է պատահել, ասենք, էդ ավազաններից որևէ մեկը կծակվի, կամ կվնասվի, ու կարող է լինել արտահոսք:

Մի էստեղ հետաքրքիր նյուանս կա՝ իրենք չեն ասում, որ վտանգավոր է, իրենք ասում են, որ եղած փորձանմուշները, պատկերավոր ասած՝ եղած տվյալները բավարար չեն ասելու համար, թե անվտանգ է, բայց տվյալներից որևէ մեկը չի ասում, որ վտանգավոր է, էդ է ամբողջ խնդիրը: Այսինքն՝ էստեղ կա վերաապահովագրվելու խնդիր:

Եթե կառավարությունը կգտնի, կամ եթե փաստերը ցույց տան, որ պետք է լրացուցիչ ՇՄԱԳ անել, ուրեմն՝ կարվի էդ ՇՄԱԳ-ը, թող արվի՝ ավելի լավ, ավելի վստահելի կլինի: Էստեղ ուրիշ խնդիր է ծագում՝ եթե արվեց նոր ՇՄԱԳ-ը, նույն խնդիրը ծագելու է՞, թե՞ չէ, այն, ինչ որ հիմա կատարվում է, այսինքն՝ Ամուլսարի շահագործմանը դեմ արտահայտվողները կասեն՝ հա, լավ, էս ՇՄԱԳ-ը արդեն լավ է, կարելի է նաև շահագործե՞լ, թե՞ ոչ:

Իմ կարծիքով, էդ մարդկանց մոտ որևէ փոփոխություն չի լինելու՝ եթե նույնիսկ աշխարհի ամենաիդեալական փորձաքննությունը արվի, ու պարզվի, որ խնդիրներ չկան, կարելի է շահագործել, կատարվելու է էն, ինչ որ հիմա է կատարվում, ինչի՝ որովհետև Ամուլսարի շուրջ էս ամբողջ պրոցեսը հիմնականում դուրս է բնապահպանական թեմայից, բնապահպանության շրջանակներից՝ այն դարձել է արդեն խիստ քաղաքական մի պրոցես, որտեղ արդեն բնապահպանությունը մղվել է երկրորդ, երրորդ, տասներորդ պլան: Իսկ ինձ էդ հանքի շահագործումը, կոնկրետ ինձ հետաքրքրում է զուտ բնապահպանական տեսանկյունից․ եթե ես համոզված եմ, որ բնապահպանական ռիսկեր չկան, դրանից հետո ես նայում եմ՝ ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի տնտեսության համար:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 1-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․