Հեղինակավոր Moody's վարկանիշային կազմակերպությունը այսօր դրական՝ B1 է գնահատել Հայաստանի վարկային նկարագիրը, նշելով, որ նման գնահատականը արտացոլում է տնտեսական և ֆինանսական հաջող կառավարումը, առողջ, սակայն տատանողական տնտեսական աճը:
Կազմակերպությունը բարելավել է կանխատեսումը հայաստանյան բանկային համակարգի վերաբերյալ՝ այն «կայունից» դարձնելով «դրական»:
Standard & Poor's-ի և Fitch-ի հետ միասին Moody's-ը հանդիսանում է աշխարհի ամենաազդեցիկ երեք վարկանիշային կազմակերպություններից մեկը, և ուշագրավ է՝ հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո, կազմակերպությունը կանխատեսում է, որ առաջիկա երկու տարիներին հայաստանյան տնտեսության հաստատուն աճը կշարունակվի:
Moody's-ի գնահատականին այսօր անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Facebook-ի իր էջում գրելով․ - ««Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»: Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»:
Հայաստանի 2019թ․ պետբյուջեի համաձայն, այս տարի երկրի տնտեսությունը պետք է աճի 4,9 տոկոսով:
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով, Moody's-ի գնահատականը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի վարկանիշի վրա․ - «Ինչ է սա նշանակում՝ այսինքն մեր պարտատոմսերի թողարկման ժամանակ մենք կկարողանանք այդ պարտքը թողարկել ավելի էժան, որովհետև ավելի շատ հավատ կա, որ Հայաստանի տնտեսական վիճակը կայուն է և գնալով բարելավվելու է: Իսկ ինչ դա կնշանակի մասնավորի համար՝ այն երկիրը, որը ավելի կայուն է, բիզնեսի համար, միանշանակ, ավելի գրավիչ է»:
Ըստ Ավանեսյանի, հեղինակավոր վարկանիշային կազմակերպության գնահատականը կարևոր նշանակություն կունենա հատկապես այն ներդրողների համար ովքեր արդեն իսկ դիտարկում էին Հայաստանը որպես ներդրման հնարավոր երկիր:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, Moody's-ի գնահատականը ցույց է տալիս, որ միջազգային ֆինանսական շրջանակները վստահություն ունեն Թավշյա հեղափոխության միջով անցած Հայաստանի նկատմամբ․ - «Դա ուղերձ է նաև բոլոր ներդրողներին և այն երկրներին, որոնք հետաքրքրված են կոնկրետ ներդրումներ անել, որ իրականում Հայաստանում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները դրական են ազդել նաև բանկային համակարգի համար»:
Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հայաստանյան բանկային համակարգի համար Moody's-ի գնահատականը դրական ազդեցություն կունենա․ - «Այդ գործակալությունները, ի դեպ, հետևում են ամեն ինչին․ շատ ժամանակ տնտեսական գնահատականների հիմքում քաղաքական սպասումներն են դրվում: Եվ, իհարկե, անցած տարի կար որոշակի անհանգստություն, որովհետև որևէ ցնցում, որևէ էական տեղաշարժ կարող է հանգեցնել նաև ֆինանսական համակարգում անկայուն կամ ոչ ցանկալի տեղաշարժերի, բայց գնահատականը վկայում է նրա մասին, որ մենք ունեցել ենք դրական արդյունք»: