Խորհրդարանն ամենայն հավանականությամբ այս տարի չի քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել են Վենետիկի հանձնաժողով, որն իր կարծիքը կհայտնի հոկտեմբերին, դրանից հետո կառավարությունը հարցը պետք է քննարկի և նոր միայն հետո ուղարկի խորհրդարան՝ վավերացման: Այնպես որ, ըստ նախարարի, այս տարի իրատեսական չէ հարցի քննարկումը խորհրդարանում: Ի դեպ, ըստ նախարարի, Վենետիկի հանձնաժողովը պետք է կարծիք հայտնի կոնվենցիայում տարակարծությունների տեղիք տված հարցերին:
Հիշեցնենք, «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ թեժ քննարկումների ընթացքում մտահոգություններ են հնչում, որ փաստաթղթի վավերացումը թույլ է տալու, որպեսզի ընտանիք կազմեն նաև միասեռական անձինք, նախարարն ինքը, սակայն, նման վտանգ չի տեսնում։
«Էն դրույթները, որոնք հիմնականում քննարկվել են ընտանիքի կազմին կարող է վերաբերվել, որը բացարձակ աբսուրդ է, որ ընտանիքի կազմ կարող է փոխվել։ Եթե հետաքրքիր է, նայեք Վրաստանի Սահմանադրությունը, նայեք Վրաստանը երբ է ստորագրել և երբ է վավերացվել և արդյոք այդ վավերացումից հետո որոշակի փոփոխություն կա։ Այնտեղ էլ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է, այնտեղ է կոնվենցիայի վավերացումից հետո այդպես մնացել, այդպես է լինելու նաև Հայաստանում», - նշեց Բադասյանը։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է բացառում, որ միասեռականները կարող են ամուսնանալ, ընտանիք կազմել, Բադասյանը պատասխանեց. «Պետությունը չի ճանաչի, որովհետև այդ կոնվենցիայով որևէ բան չի փոխվում, որպեսզի պետությունը ճանաչի նման ամուսնությունը, իսկ իրանք համատեղ կապրեն, թե չեն ապրի, դա իրենց գործն է»։
Հարցին էլ, թե ինքը բացառո՞ւմ է, որ կոնվենցիան նման հնարավորություն կարող է տալ, նախարարն արձագանքեց. «Այո, միանշանակ բացառում եմ։ Եթե կառավարությունը վստահ է, որ այս կոնվենցիան քննարկվող խնդիրների վերաբերյալ որևէ ռիսկեր չի պարունակում, Վենետիկի հանձնաժողով դիմելը և խորհրդատվական կարծիք ստանալը ինչ կոնկրետ նպատակ է հետապնդում, որպեսզի դա լրացուցիչ փաստարկ լինի և վստահություն ստեղծող հանգամանք լինի այս կոնվենցիայի, լրացուցիչ փաստարկի առումով, այո, որպեսզի հենց այն մարմինը, որը Եվրոպայի խորհրդի կազմում է, ինքը մեկնաբանի՝ արդյո՞ք նման հնարավորություններ առկա են, թե չէ, թեև կրկին ասում եմ՝ մենք վստահ ենք, որ ոչ, Վրաստանի օրինակն էլ նայեք»։
Նախարարը չթաքցրեց՝ ինքն անձամբ դեմ է միասեռականների ամուսնությանն ու նրանց կողմից երեխաների որդեգրմանը: Միևնույն ժամանակ Ռուստամ Բադասյանը շեշտեց՝ կոնվենցիայում այդ մասին որևէ դրույթ չկա։
Թե ինչպիսի՞ն է այս հարցում իր անձնական տեսակետը, Բադասյանը պատասխանեց. «Ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է, ընտանիքը պետք է շարունակի լինել տղամարդու և կնոջ միություն։ Երեխաներին որդեգրել կարող են միայն պետության կողմից ճանաչված ընտանիքի անդամները, այսինքն տղամարդ և կին միության ընտանիքի անդամները, դա է իմ դիրքորոշումը։ Միաժամանակ իմ դիրքորոշումը նա է, որ բռնությունը կանանց և կենցաղային բռնությունը ցանկացած անձի դեմ պետք է արժանանա համապատասխան կառուցակարգերով պաշտպանության և համապատասխան արդյունավետ քննության, բռնությունը ցանկացած անձի դեմ արգելվում է»։
«Ազատության» դիտրկմանը, որ իրեն հակադարձում են, որ միևնույն է կան օրենքներ, որոնք արդեն իսկ կանխարգելում են այդ բռնությունը, արդարադատության նախարարը պատասխանեց. «Փաստարկ-հակափաստարկներ դաշտում մենք հրապարակել ենք, նաև երբ որ արդեն կլինի իմ ասած վերջնական քննարկումը, այդ փուլում»։
Հարցին էլ, Ազգային ժողովում քննարկմունը սպասվում է հաջորդ տարի, Բադասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ, այո»։
Ի դեպ, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ ունի նաև Հայ առաքելական եկեղեցին. տարածած հայտարարության մեջ եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները իշխանություններին կոչ են արել չվավերացնել կոնվենցիան։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու, ընտանիք կարող են կազմելն այրն ու կինը: Ընդ որում, Հայաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածը նույնպես ամրագրում է՝ միայն ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը կարող են կազմել ընտանիք։ Արդարադատության նախարարն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ պատրաստ են Հայ առաքելական եկեղեցու հետ, դրույթ առ դրույթ քննարկել բոլոր մտահոգությունները։