Հայաստանում հանքարդյունաբերության և հատկապես Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով երկրի տնտեսական և քաղաքական արդյունավետ զարգացումը, հանրային համերաշխությունը, ասված է «Ժառանգություն» կուսակցության այսօր հրապարակած հայտարարությունում:
«Առանց մասնագիտական գիտելիքների և տեսական ու գործնական հիմնավորումների՝ հուզազգայական կարգախոսներով փորձ է կատարվում բնության պահպանության ազնիվ առաքելությունը վերածելու անկառավարելի գործընթացի», - պնդում է կուսակցությունը:
Արձանագրելով, որ «պետությունը հապաղում է բավարար և համակարգված քայլեր գործադրել հանքարդյունաբերության և բնապահպանության խնդիրները հանգուցալուծման մասնագիտական մակարդակ տեղափոխելու համար», «Ժառանգություն»-ը հավելում է․ - «Տպավորություն է ստեղծվում, որ իշխող ուժի կառավարման համակարգի ճգնաժամը գնալով խորանում է, որի մասին քանիցս ահազանգել ենք»:
«Խորհրդարանը, որը պետք է դառնար նման հիմնահարցերի հանգուցալուծման և կոնսենսուսի ձևավորման քաղաքական ատյան, չի կարողանում իրականացնել այդ դերակատարությունը», - նշում է կուսակցությունը՝ հիշեցնելով «ոչ հեռու անցյալի այն չարագուշակ դեպքերը, երբ մակերեսային, հուզազգայական պատկերացումներին տուրք տալով՝ մենք կանգնեցրինք ատոմակայանը, <…> կործանեցինք «Նաիրիտ»-ը և մեր ողջ հզոր քիմիական արդյունաբերությունը»:
Շեշտելով, որ Հայաստանի արդյունաբերական ներուժի զարգացումը ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչներից է, ինչպես նաև բնության ու ազգի առողջության պահպանության հրամայականը, «Ժառանգություն»-ը պատրաստակամություն է հայտնում հանրային բոլոր ուժերի հետ՝ և՛ մասնագիտական, և՛ քաղաքական, նախաձեռնել հանրային քննարկում կամ մասնակիցը լինել խորհրդարանական լսումների:
«Միայն հավասարակշռված պետական քաղաքականությամբ, մասնագիտական ներուժի համախմբմամբ փոխըմբռնման մթնոլորտում մենք կփրկենք Հայաստանի և՛ բնությունը, և՛ արդյունաբերությունը հին կործանարար սխալներից ու նոր թյուրըմբռնումներից», - ասված է հայտարարությունում:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է․ այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:
Երկուշաբթի օրը բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:
Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: