Բրիտանական կառավարության ղեկավարը կարծում է, որ Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում: Այս մասին Բորիս Ջոնսոնը հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը կկարողանան 30 օրվա ընթացքում հարցի լուծում գտնել:
Եվրամիության առաջատար երկրներից Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ի պատասխան հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու պայմանները վերանայման ենթակա չեն:
Բեռլինը Բորիս Ջոնսոնի՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում առաջին արտասահմանյան ուղևորության կանգառն է: Այսօր նա կմեկնի Փարիզ՝ հանդիպելու Ելիսեյան պալատի ղեկավարի հետ:
Բրիտանացի վարչապետը փորձում է եվրոպացի գործընկերներին համոզել նոր բանակցություններ սկսելու հարցում, սակայն միաժամանակ հայտարարում է, թե պատրաստ է նաև առանց պայմանավորվածությունների Եվրամիությունը լքելու տարբերակին, որը, շատերի համոզմամբ, հղի է ծանր տնտեսական հետևանքներով: Ջոնսոնի կարգախոսը ցանկացած գնով Բրեքզիթի գործընթացը Բրյուսելի հետ համաձայնեցված ժամկետում ավարտելն է: Բրեքզիթի վերջնական ժամկետը հոկտեմբերի 31-ն է: