«Բրեքզիթ»-ի ոդիսականում նոր տեղաշարժ՝ երկարատև քննարկումների արդյունքում Լոնդոնը և Բրյուսելը որոշեցին Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալը հետաձգել մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը:
Եթե բանակցությունները ձախողվեին, «Բրեքզիթ»-ը, ընդ որում՝ դրա կոշտ տարբերակը, վաղվանից էր մեկնարկելու:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի փոխանցմամբ՝ վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է Բրյուսելի ներկայացրած պահանջները:
«Սա նշանակում է լրացուցիչ վեց ամիս Միացյալ Թագավորության համար: Այժմ ամեն ինչ բրիտանացիների ձեռքում է: Նրանք տակավին կարող են համաձայնեցնել և ընդունել դուրս գալու ծրագիրը նախքան երկարաձգված ժամկետի ավարտը», - ասել է Դոնալդ Տուսկը:
Մեյը շատ ավելի կարճ հետաձգում էր խնդրում: Տուսկն ասել է, որ այս «ճկուն երկարաձգումը Լոնդոնին տալիս է հարցը լուծելու համար ևս կես տարի, ինչն ամենաընդունելի տարբերակն է»:
«Խնդրում ենք, մի վատնեք այս ժամանակը», - հորդորել է Տուսկը՝ դիմելով բրիտանացի բանագնացներին:
Այդ ընթացքում Լոնդոնը պարտավորվում է որևէ եղանակով չխոչընդոտել Եվրամիության ծրագրերը:
Սա, փաստորեն, նշանակում է, որ բրիտանացիները պարտավորվում են չկիրառել վետոյի իրավունքը:
Եվրամիության լիդերները կհանդիպեն հունիսին և կքննարկեն երկարաձգման հարցով Լոնդոնի ստանձնած պարտավորությունների կատարումը:
Վիճահարույց հարցերից մեկը բրիտանացիների մասնակցությունն է Եվրախորհրդարանի ընտրություններին: Դրանք պետք է տեղի ունենան մայիսի 23-26-ը:
«Նախատեսված են ընտրություններ, թերևս տարօրինակ է, բայց օրենքն օրենք է, մենք պարտավոր ենք հարգել Եվրոպայի օրենսդրությունը», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Խոսելով համաեվրոպական ընտրությունների մասին, վարչապետ Մեյն ասել է, որ բրիտանացիները քվեարկությանը չեն մասնակցի, եթե հաջողվի մինչ այդ հաստատել «Բրեքզիթ»-ի փաթեթը:
Ի դեպ, Տուսկը եվրոպացի լիդերներին առաջարկում էր մի ամբողջ տարի տրամադրել բրիտանացիներին, սակայն առնվազն երկու պետություն՝ Ֆրանսիան և Ավստրիան, դեմ են արտահայտվել:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի փոխանցմամբ՝ ինքն է ստանձնել ավելի կարճ ժամկետ սահմանելու պատասխանատվությունը: Դրա հիմքում, ըստ Մակրոնի, երեք կարևոր հանգամանք է:
«Մենք լավագույն տարբերակն ընտրեցինք. նախ՝ այդպես երաշխավորում ենք Եվրամիության 27 անդամների միասնությունը, ապա Բրիտանիային տալիս ենք հարցը լուծելու ժամանակ և, վերջապես, ապահովում ենք Եվրոպական միության բնականոն գործունեությունը», - պարզաբանել է Ֆրանսիայի ղեկավարը:
«Բրեքզիթ»-ի թեմային է Բրյուսելում անդրադարձել նաև Եվրոպայի մեկ այլ ծանրքաշային երկրի՝ Գերմանիայի ղեկավարը:
«Հիմա կարևորը Բրիտանիայի խորհրդարանի դիրքորոշումն է, մենք ևս մեկ անգամ ընդգծել ենք, որ Եվրամիությունից Թագավորության դուրս գալու փաստաթուղթը չի վերանայվի, մենք կարող ենք քննարկել մեր ապագա հարաբերությունների ձևաչափը, բայց պայմանագիրը չի փոխվի»,- ասել է կանցլեր Անգելա Մերկելը: