Մատչելիության հղումներ

«Մեր առաքելությունն է հոկտեմբերի 31-ին իրականացնել «Բրեքզիթ»-ը». Բորիս Ջոնսոն


Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը այսօր գումարց իր անդրանիկ նիստը: Դաունինգ Սթրիթում ողջունելով նոր կառավարությանը՝ Ջոնսոնն ասել է, թե հրաշալի է տեսնել նոր թիմին: Կառավարության առաջնահերթությունը նա համարել է «Բրեքզիթ»- ի իրականացումը:

«Ինչպես դուք գիտեք, մեր երկրի պատմության վճռական փուլում մեր առջև կարևոր խնդիր կա: Մենք հանձնառու ենք Եվրամիությունից դուրս գալ հոկտեմբերի 31-ին, կամ գուցե ավելի շուտ», - ասել է Բորիս Ջոնսոնը՝ այդ հարցում իր վճռականությունը արտահայտելով կարճ ձևակերպմամբ՝ «ոչ՛ եթե-ներ, ոչ՛ բայց-եր»: Այսինքն առանց հարցականների ու ձգձգումների պետք է իրականացնել «Բրեքզիթ»-ը:

Դեռ նախկինում նա դիրքորոշում էր հայտնել, որ եթե Բրյուսելի հետ չի հաջողվում համաձայնության գալ, ուրեմն պետք է «կոշտ Բրեքզիթ» իրականացնել, առանց համաձայնությունների դուրս գալ Եվրամիությունից:

Նախկին վարչապետ Թերեզա Մեյը փորձում էր հասնել երկկողմ համաձայնության, բանակցությունները շարունակելու համար «Բրեքզիթ»-ի ժամկետը երկու անգամ հետաձգվեց, բայց Մեյը ձախողվեց ու հրաժարական տվեց, իսկ հետաձգված վերջին ժամկետը հոկտեմբերի 31-ն է։

Կառավարության նիստից հետո Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնում առաջին անգամ ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանում:

«Մեր առաքելությունն է հոկտեմբերի 31-ին իրականացնել «Բրեքզիթ»-ը՝ նպատակ ունենալով միավորել ու նոր լիցքեր հաղորդել մեր հզոր Միացյալ Թագավորությանը և այս երկիրը դարձնել աշխարհի ամենալավ տեղը» - Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում հայտարարել է Բորիս Ջոնսոնը՝ խոստանալով 99 օրվա ընթացքում Բյուսելի հետ համաձայնագիր կնքել, իսկ եթե Եվրամիության ղեկավարները մերժեն, ինչը նա քիչ հավանական է համարել, ապա Եվրամիությունից Բրիտանիան դուրս կգա առանց համաձայնագրի:

Լոնդոնի նախկին քաղաքապետը, նախկին արտգործնախարարը, հիմա Բրիտանիայի նոր վարչապետը միջազգային հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում է: Թուրքական մամուլը հիշեցնում է, որ նրա նախնիները Թուրքիայից են, երկրի հյուսիսում ընկած Չանկիրի նահանգից: Բորիս Ջոնսոնի նախնիները Օսմանյան Կայսրությունում նաև բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել, նրա մեծ պապը՝ Ալի Քեմալը երեք ամիս ներքին գործերի նախարար է եղել, նաև կրթության նախախարի պաշտոն է զբաղեցրել: Ալի Քեմալի հայրը ծնվել է Չանկիրի նահանգի Կալֆատ գյուղում 1813 թվականին:

«Հյուրիեթ Դեյլի Նյուս»-ի փոխանցմամբ՝ այդ գյուղի բնակիչ Մուստաֆա Բալին ասել է, թե «այդ ընտանիքն այնպիսի անդամներ ունի, որոնք կարող են առաջնորդել աշխարհը, դա մեզ հպարտացնում է»: Նա ասել է, թե գյուղում Ջոնսոնի նախնիներին ասում են «Sarıoğlangiller», ինչը թուրքերեն նշանակում է «շիկահերների տղաներ»: Գյուղի այլ բնակիչ հույս է հայտնել, որ Բորիս Ջոնսոնը կօգնի լուծելու գյուղի խնդիրները, գյուղապետն էլ հույս ունի Լոնդոն մեկել՝ գյուղացիների անունից անձամբ շնորհավորելու Բորիս Ջոնսոնին՝ Բրիտանիայի վարչապետ դառնալու համար:

Թուրքիայի խորհրդարանում քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թվիթերում գրել է Ջոնսոնի պապի մասին:

Ստամբուլում «Ազատության» թղակակից Տաթևիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ Փայլանը գրել է. «Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող և քաղաքական գործիչ էր, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնապետությանը և երիտթուրքերի ազգայնական քաղաքականությանը։ Նա ասում էր, որ երիտթուրքերը երկիրը կործանման են տանում և իրավացի էր: Ալի Քեմալը դեմ դուրս եկավ հայերի տեղահանությանը: Երբ ներքին գործերի նախարար էր, պայքարում էր ցեղասպանության պատասխանատուներին դատարանի առաջ կանգնեցնելու համար: Ստամբուլում կայացած դատավարությունների արդյունքում պատժվեցին ցեղասպանության որոշ դերակատարներ: Ալի Քեմալը խիղճ ունեցող քաղաքական գործիչ էր։ Նա պահանջում էր, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Հայոց ցեղասպանության պես մեծ հանցագործության համար մեղավորները։ Եթե հաջողեր, պետությունը կմաքրվեր ցեղասպան և բռնարար ավանդույթներից։ Հանցագործությունն անպատիժ մնաց, կրկնվեց, կրկնվում է։ Ալի Քեմալը թող հանգչի խաղաղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG