Գնդեվազցիները կտրականապես դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը

Ոսկու հանքավայր դառնալու նախագծերի տակ առնված Ամուլսարի հարակից բնակավայրերում մեծամասամբ դեմ են հանքի շահագործմանը։

4-5 տարի առաջ իրենց արոտավայրերն ու խոտհարքները հանքարդյունաբերողներին հանձնած գնդեվազցիներն ասում են, որ ուզում են ապրել անարատ բնության մեջ, ինչպես ապրել են մինչև հիմա․ - «Երեք հազար ստորագրություն ա գնացել, որ մենք դեմ ենք էս հանքի աշխատանքին, միանշանակ դեմ ենք»:

Գնդեվազցի մի կին ցույց է տալիս իր այգին․ - «Հանքը որ լինի, էս չի լինի, արդեն թունավոր կլինի: Բացարձակ ոչ մեկը չի գալու հանգստանալու, եթե հանքը բացվեց»:

Գնդեվազից մինչև մեկ կիլոմետր հեռու կլինեն Ամուլսարի հանքավայրի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան։ 250 տնտեսություն ունեցող գյուղում մտահոգ են, թե ինչպիսին կլինի իրենց երեխաների ապագան։

Մարգարյանների ըտանիքը ծախսեր է արել և վերակառուցել իրենց տունը։ Մինչդեռ տանտերերն ասում են՝ հանքը գործարկելու դեպքում որդուն կհորդորեն հեռանալ գյուղից։

2016-ից Ջերմուկ առողջարանային քաղաքին միացած Գնդեվազում արդեն չորս տարի կաթի վերամշակմամբ զբաղվող Արթուր Գրիգորյանն ասում է, որ նախկինում զարգացած անասնապահություն ունեցած գյուղից ոչ մի լիտր կաթ չի մթերում։ Գյուղի արոտավայրերն ու խոտհարքները վերացել են․ - «Տեղի ժողովուրդը անասնապահությունը գրեթե վերացրել են, որովհետև արոտ չկա արդեն: Էն արոտն էլ, որ կա, փոշով ծածկված ա, անասունը էդ խոտը չի ուտում»:

Գնդեվազցի Արթուր Գրիգորյանն իր ընտանիքով միացել է հանուն Ամուլսարի իրականացվող պայքարին և ասում է, որ արդյունքի հասնելու դեպքում իրենց արտադրած կաթնամթերքը կվերանվանեն սարի անունով։

Հատուկենտ գնդեվազցիներ հանդիպեցինք, ովքեր որոշ ժամանակ աշխատել էին հանքում և այժմ էլ կողմ էին շահագործմանը։ Բայց նրանք էլ հրաժարվեցին հարցազրույցից՝ պատճառաբանելով, թե քննադատության են արժանանում, գյուղացիների հետ անգամ թշնամանում։

Թե ինչու նախկինում կողմ արտահայտված գնդեվազցիներն այսօր միահամուռ պայքարի են դուրս եկել, ասում են, վախի ու անվստահության մթնոլորտ կար։

Այսօր հավատում են, որ իշխանություններին կհասնի իրենց ձայնը․ - «Նախկին կառավարության ժամանակ չորս հոգի եթե հավաքված էին լինում տղամարդկանցով, ոստիկանությունը գալիս, ասում էր՝ հավաքվել եք, ցո՞ւյց եք անում: Իսկ հիմա չեն կարող նման բան անել, փառք Աստծո, առայժմ չեն անում: Հիմա կարողանում ենք մեր բողոքի խոսքն ասել, որ մենք դեմ ենք հանքարդյունաբերությանը»:

Գնդեվազցի մի դպրոցական դիմում է վարչապետին․ - «Պարոն Փաշինյան, մենք Ձեզ խնդրում ենք, որ նորից փորձագիտություն անցկացնեք, ճիշտ որոշում կայացնեք»: