Դատարանը մերժել է Ղրղըզստանի նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը կշարունակի մնալ անազատության մեջ առնվազն մինչև օգոստոսի 26-ը․ դատարանն այսօր փակ նիստում որոշել է մերժել նրա փաստաբանների միջնորդությունն ու ուժի մեջ թողել խափանման միջոց կալանքը:

62-ամյա Ատամբաևը կալանքի տակ է անցած շաբաթ իր նստավայրի մոտ՝ Կոյ Տաշ ավանում երկու օր շարունակված հատուկ գործողություններից հետո, որոնց հետևանքով իրավապահներից մեկը զոհվել էր, ավելի քան 170 մարդ՝ վիրավորվել:

Եվ եթե ձերբակալությունից առաջ նրան միայն կաշառքի ու պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ էին մեղադրում, ապա այժմ, ըստ փաստաբանի, նա անցնում է 14 քրեական գործերով՝ անկարգությունների կազմակերպումից ու մարդկանց գերեվարումից մինչև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն ու սպանության փորձ:

Բացի այդ, այսօր հայտնի է դարձել, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել նաև նրա տիկնոջ՝ Ռաիսա Ատամբաևայի նկատմամբ: Ըստ քննության, նախկին առաջին տիկինը ճնշում է գործադրել դատավորների վրա և միջամտել ամուսնու քաղաքական որոշումներին:

Ինքը՝ Ատամբաևան, կտրականապես հերքում է այդ մեղադրանքները․ - «Ես ուզում եմ ասել, որ երբեք չեմ միջամտել դատավորների գործերին: Ես գիտեի, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է և փորձում էի չխառնվել։ Անգամ չգիտեմ, թե որ դատարանը որտեղ է գտնվում, որևէ դատավորի չեմ ճանաչում»:

Շաբաթներ առաջ, մինչդեռ, Ղըրղըզստանի հանրային հեռուստատեսությունը լրագրողական հետաքննություն էր հրապարակել՝ բացելով այս գործի մանրամասները: Ըստ այդմ, Ռաիսա Ատամբաևայի դեմ ցուցմունք է տվել նրա ամուսնու՝ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավարը: Վերջինս լրագրողներին պատմել էր, որ Ատամբաևայի և նրա որդու պահանջով տարիներ առաջ ճնշում է գործադրել դատավորների վրա և չինացի գործարարերից խլել Բիշքեքի կենտրոնում կառուցվող բազմահարկ էլիտար շենքը:

Հաղորդվում է, որ այս գործով անցնում են նաև Ռաիսա Աատամբաևի ընկերուհին, ինչպես նաև նրա ամուսնու՝ նախկին նախագահի երբեմնի խորհդականն ու թիկնապահը:

Ռաիսա Ատամբաևան մեղադրանքները համարում է քաղաքական պատվեր ու պնդում, թե նոր իշխանությունները իր և հարազատների դեմ արշավ են սկսել․ - «Զանգվածաբար հալածում են Ալմազբեկ Ատամբաևի աջակիցներին, իմ ընտանիքի անդամներին, մեր ամենամոտ հարազատներին: Հիմա մեր ընտանքին պատկանող «Ալա արչա» նստավայրը կնքված է, մեր մուտքն արգելված է, ես չեմ կարող իմ իրերը վերցնել: Մինչդեռ, ուզում եմ ընդգծել, որ այդ նստավայրը կառուցվել է միայն ու միայն մեր անձնական միջոցներով»:

Քննչական մարմնում, սակայն, բոլորովին այլ կերպ են կարծում, և պնդում են, որ նախկին նախագահը կաշառքի ու պաշտոնական դիրքի չարաշահմամբ է կարողությունը կուտակել: Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ վեց տարի Ղրղըզստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ատամբաևը հաշիվներ է ունեցել հանրապետության 25 բանկերում, բոլորն էլ, ըստ քննիչների, այս պահին սառեցվել են:

«Քննվող քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել Ատամբաևի գույքի, բաժնետոմսերի, արժեթղթերի, բանկային հաշիվների, ինչպես նաև նախկին նաագահի ընտանիքին պատկանող մի շարք ընկերությունների ու ձեռնարկությունների, այդ թվում՝ Կիրգիզավտոմաշի և «Ապրիլ» հեռուստաընկերության վրա», - հաղորդել է Գլխավոր դատախազությունը: Կալանքի տակ են նաև նախկին նախագահին պատկանող մի շարք բնակարաններ ու տներ, ութ ավտոմեքենաներ, հսկայական հողակտորներ ու առողջարանային կենտրոններ:

Ատամբաևը Ղրզըղստանի նախագահն էր 2011-17 թվականներին և մինչ այդ պաշտոնում ընտրվելը նման գույք չէր հայտարարագրել: Պաշտոնավարման ավարտին Ատամբաևն ինքն էր բարձրաձայնել ներկայիս նախագահի՝ Սոորնբեկ Ժեենբեկովի անունը, որպես նախագահության հավանական ու նախընտրելի թեկնածու: Վերջինիս ընտրությունից հետո, սակայն, ներկա ու նախկին նախագահների միջև տարաձայնություններ էին ի հայտ եկել, որոնք խորացել էին, երբ Ժեենբեկովի վարչակազմը քրեական գործեր էր հարուցել նախկին նախագահի աջակիցների դեմ՝ կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով: