Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, ըստ հաղորդումների, այսօր ի վերջո ձերբակալվել է․ հատուկ ջոկատայիններին երկրորդ փորձից հաջողվել է դուրս բերել նախկին նախագահին Կոյ֊Տաշ ավանում գտնվող իր առանձնատնից:
Գրոհը, ըստ տեղական լրատվամիջոցների, շարունակվել է մոտ 4 ժամ: Ըստ «Ինտերֆաքսի» դրան մասնակցել են ներքին գործերի նախարարության մոտ 2000 աշխատակիցներ, բուն գործողությունը ղեկավարել է ներքին գործերի նախարար Քաշքար Դջունուշալիևը:
«Ազատության» ղրղըզական ծառայության հաղորդմամբ, նախկին նախագահը դուրս է բերվել իր նստավայրից և հատուկ շարասյան ուղեկցությամբ տարվել դեպի Ներքին գործերի նախարարություն:
ՏԱՍՍ-ը, մինչդեռ, հղում անելով Ատամբաևի շտաբին, հաղորդում է, թե նախկին նախագահն ինքն է հանձնվել իրավապահներին՝ խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերից խուսափելու համար:
Երեկ, երբ ուժայինները նույն վայրում, նույն սցենարով փորձել էին նրան ձերբակալել, Ատամբաևի աջակիցները կրակ էին բացել․ հատուկ ջոկատայիններից մեկը սպանվել էր, ավելի քան 5 տասնյակ մարդ՝ վիրավորվել:
Իրավապահները կոշտ դիմադրության են հանդիպել նաև այսօր: Ըստ Ղրղըզստանի առողջապահության նախարարության, վերջին մի քանի ժամում Կոյ֊Տաշում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ: Ընդ որում, չորսը իրավապահներ են, որոնք հրազենային վնասվածքներ են ստացել, մեկը՝ շարքային քաղաքացի, ով վնասվել է լուսաձայնային նռնակի պայթյունից:
Ատամբաևը, ով ղեկավարել է Ղրղըզստանը 2011֊17թթ․, մեղադրվում է Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ իշխանությունը չարաշահելու, ապօրինի հարստանալու և խոշոր կոռուպցիայի համար:
Խորհրդարանն անցած հունիսին բավարարել էր նրան անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազության միջնորդությունը:
Իրավապահները՝ ներքին գործերի փոխնախարարի գլխավորությամբ, շաբաթներ առաջ, արդեն երրորդ անգամ նախկին նախագահին հրավիրել էին հարցաքննության: Ատամբաևը, ով հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները, կտրականապես հրաժարվել էր քննիչներին ներկայանալ, ինչից հետո էլ իրավապահները որոշել էին հարկադիր կերպով բերման ենթարկել նրան: Պաշտոնական Բիշքեքն ընդգծում է՝ եթե նախկին նախագահը ենթարկվեր օրենքին, արյուն չէր թափվի: Վերջինս, մինչդեռ, մինչև վերջին պահը հայտարարում էր՝ չի հանձնվելու, համախմբելու է աջակիցներին և բողոքի անժամկետ ցույցեր է սկսելու․ - «Մենք այս իշխանություններից միայն մեկ բան ենք պահանջում՝ թող դադարեցնեն ամենաթողությունն ու սկսեն հարգել օրենքները: Եթե նրանք թքում են օրենքների վրա նախկին նախագահ Ատամբաևի առնչությամբ, ապա հասարակ մարդկանց դեպքում, իհարկե, ընդհանրապես իրենց հաշիվ չեն տա: Մենք պետք է սրան վերջ տանք»:
Գործող նախագահն այսօր Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել: ֊ «Ատամբաևը արհամարհել է Ղրղըզստանի Սահմանադրությունն ու օրենքները, խոչընդոտել է հետաքննությանը՝ զենքի գործադրմամբ», ֊ պնդել էր Սոորնբայ Ժեենբեկովը, ընդգծելով՝ երեկվա իրադարձություններից հետո նա այլևս բոլորովին այլ կարգավիճակ կունենա․ եթե երեկվա դեպքերից առաջ Ատամբաևը հարցաքննության էր կանչվում որպես վկա, ապա այժմ նա մեկն է, ում կվերաբերվեն որպես ծանր հանցագործությունների մեջ կասկածվողի:
Երեկ սկսված և այսօր շարունակված արյունալի իրադարձություններից հետո՝ կեսօրին, արտահերթ նիստ էր հրավիրել նաև Ղրղըզստանի խորհրդարանը: Օրենսդիրները պահանջել էին դատախազությունից ամենասեղմ ժամկետում իրավական գնահատական տալ նախկին նախագահի կողմից «զենքի գործադրման ու հատուկ ջոկատայիններին գերևարելու փաստերին»:
Անցած ամիս նախկին նախագահ Ատամբաևը այցելել էր Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, այսօր էլ Բիշքեքի մերձակայքում թեժացող իրադարձություններից հետո հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը՝ հորդորելով կողմերին զսպվածություն ցուցաբերել: Չնայած այդ հորդորներին՝ Ղրղըզստանի իշխանությունները, փաստորեն, շարունակել էին գրոհը՝ ի վերջո բերման ենթարկելով նախկին նախագահին:
Ընդ որում, ներքաղաքական այս իրադարձությունները զարգանում էին Ղրղըզստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի նախօրեին, որին, ի դեպ, մասնակցելու է նաև Հայաստանի կառավարության առաջնորդը: Վերջինիս խոսնակ Վլադիմիր Կարապետյանը քիչ առաջ «Ազատությանը» հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Բիշքեք՝ ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը մասնակցելու: