Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին նոր մեղադրանքներ առաջադրվեցին՝ Կոյ Տաշում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների գործով:
«Ազատության» ղրղըզական ծառայությունը, վկայակոչելով երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, փոխանցում է, որ կալանավորված նախկին նախագահը մեղադրվում է, մասնավորապես, անկարգություններ կազմակերպելու, զենքի ապօրինի շրջանառության, հետաքննությանը խոչընդոտելու, պատանդ վերցնելու, սպանության և մահափորձի փաստերով:
Ավելի վաղ Ալմազբեկ Ատամբաևին մեղադրանք էր առաջադրվել միայն կոռուպցիայի գործով:
2011 թվականից վեց տարի Ղրղըզստանը ղեկավարած Ատամբաևը ձերբակալվել է օգոստոսի 9-ին՝ երկու օր շարունակված հատուկ գործողություններից հետո: Երկրի ուժայինները գրոհել էին նրա նստավայրի վրա և բերման ենթարկել, նախկին նախագահը մինչ այդ հրաժարվում էր ներկայանալ հարցաքննության: Բիշքեկից քիչ հեռու գտնվող Կոյ Տաշ ավանում նախկին նախագահի նստավայրի մոտ վերջինիս աջակիցները զինված դիմադրություն էին ցույց տվել, հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել էր, մի քանիսը՝ գերեվարվել, տասնյակ մարդիկ ստացել էին մարմնական վնասվածքներ: