Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահին նոր մեղադրանքներ առաջադրվեցին


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին նոր, ավելի ծանր մեղադրանքներ առաջադրվեցին: Այդ մասին այօրվա համատեղ ասուլիսում հայտնել են Ղրղըզստանի ուժային կառույցների ղեկավարները, նաև մանրամասներ ներկայացնելով օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած իրադարձություններից, երբ Ատամբաևին ձերբակալելու փորձի ժամանակ մեկ ոստիկան էր զոհվել ու 170 մարդ վիրավորվել:

Գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովն ասել է՝ մի քանի քրեական գործ է հարուցել, իսկ Ատամբաևին այսօր մեղադրանք է ներկայացվել անկարգություններ կազմակերպելու, անօրինական զենքի, հետաքննությանը խոչընդոտելու, սպանության և սպանության փորձի համար:

Նա նաև հայտնել է, որ Ատամբաևի մի շարք աջակիցների ևս տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, դատարանի որոշմամբ նրանք 2 ամսով կալանավորվել են:

Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկվար Օրոզբեկ Օպումբաևի խոսքերով՝ Ատամբաևը արյունահեղություն էր ցանկանում: «Նրա մտադրությունը պետական հեղաշրջումն էր», - ասել է Օպումբաևը:

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին սկզբում կոռուպցիոն մեղադրանքներ էր առաջադրվել, ինչպես նաև իր նախագահության շարջանում ազգությամբ չեչեն քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատելու մեջ:

Խորհրդարանը նախկին նախագահին զրկել էր անձեռնմխելիությունից, ճանապարհ բացելով հետաքննության համար, սակայն նա անտեսում էր իրավապահներին ներկայանալու ծանուցագրերը: Երեք անգամ ծանուցագիր ուղարկելուց հետո, իշխանությունները որոշեցին նրան ուժով բերման ենթարկել, բայց հանդիպեցին Ատամբաևի աջակիցնների կատաղի դիմադրությանը:

Նախկին նախագահը ապրում է Բիշքեկին մոտ գտնվող Կոյ Տաշ գյուղում կառուցված առանձնատանը: Նրա տասնյակ աջակիցներ հավաքվել էին այնտեղ ու երբ անցած շաբաթ հատուկ ջոկատայինները գնացել էին Ատամբաևին ձերբակալելու, նրա աջակիցները դիմադրություն էին ցույց տվել, հրազեն կիրառել։ Հրազենային կրակոցից զոհվել էր հատուկ ջոկատային Ուսենբեկ Նիյաբեկովը:

Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության պետ Սամատ Կուրմանկուլովը վրավորվել էր գլխից, նա կոմայի մեջ է, տեղափոխվել է Մոսկայի հիվանդանոցներից մեկը: 170 վիրավորներից 79-ը ուժային կառույցների աշխատակիցներ են:

Բախումների հաջոդ օրը՝ օգոստոսի 8-ին ուժայինները վերսկսեցին գործողությունները, նախկին նախագահը ձերբակալվեց, դատարանի որոշմամբ նա կալանքի տակ է:

Ալմազբեկ Ատամբաևը Ղրղըզստանի նախագահն էր 2011-2017 թվականներին: Նրա և ներկայիս նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հարաբերությունները սկսեցին վատանալ, երբ նոր իշխանությունները կոռուպցիոն գործեր բացեցին ու պատասխանատվության ենթարկեցին նախկին նախագահի մերձավորներ համարվող մի շարք պաշտոնյաների ու չինովնիկների:

Մինչև Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց հարթել իրավիճակը: Անցած ամսվա ընթացքում, Մոսկվայում, Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել Ղրղըզստանի գործող նախագահ Սորոնբայ Ժենբեկովի և նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG