Ստամբուլյան կոնվենցիա. քննարկում «Ըստ էության»-ի տաղավարում

Ստամբուլյան կոնվենցիան բխում է բռնությունից զերծ հասարակություն կառուցելու մղումից, երեկ «Ազատության» «Ըստ էության» հաղորդման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան։

Գրիգորյանն ընդգծեց՝ կոնվենցիայի ընդունումը բխում է նաև մարդու իրավունքների պաշտպանության օրակարգին Հայատանի կառավարության հավատարմությունից։

«Սա մի գործիք է, որը մեծ հաշվով օգնելու է մեր պետությանը որոշակի փորձաքննության, որոշակի խորհրդատվության և էքսպերտիզայի մակարդակով, որպեսզի մեծ հաշվով վերջնական արդյունքում երկիրը հասնի կանանց և տղամարդկանց իրական, փաստացի հավասարությանն, ինչը մեր Սահմանադրությամբ ամրագրված նպատակ է»,- ասաց արդարադատության փոխնախարարը։

«Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիայի վավերացման շուրջ կարծիքները միանշանակ չեն։ Հարցին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, իշխանական խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պատասխանեց․ - «Նախ առաջինը՝ մենք պետք է հզոր խորհրդանշական ազդակ հղենք մեր ողջ հանրությանն առ այն, որ բռնության նկատմամբ ունենք զրո հանդուրժողականություն։ Հայաստանն արդեն իսկ ունի ընտանեկան բռնության օրենսդրություն, որը լավ չի աշխատում, մի կողմից, հստակ մեխանիզմների բացակայության պատճառով, մյուս կողմից՝ պետության տարբեր օղակների աշխատակիցների՝ սոցիալական աշխատողներ, իրավապահ համակարգ, քննչական համակարգ, դատավորներ, վերապատրաստման կամ փիլիսոփայական այդ մոտեցման բացակայության պատճառով կա բռնության նկատմամբ ընտանեկան, ներտնային հանդուրժողականության որոշակի աստիճան, երկրորդ պատճառը՝ կոնվենցիան մեզ տալու է ճանապարհային քարտեզ և աջակցության մեխանիզմներ, թե ինչպես մենք կարող ենք մեր օրենսդրությամբ կատարելագործել ընտանեկան և ներտնային բռնության կանխարգելումը և դրա առկայության դեպքում պատիժը, և երրորդը՝ մեր կառավարող ուժն իր կառավարման հինգ տարիների ընթացքում անխնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տալու է իրենց իրավունքների պաշտպանության ողջ գործիքակազմը՝ ժողովրդավարության ոգուն համապատասխան Հայաստան կերտելու համար»։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։

«Նախ այստեղ ես հանդես եմ գալիս իմ անունից, որպես փաստաբան եմ հանդես գալիս, առաջին՝ դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիային, դեմ եմ բռնությանը, որևէ քաղաքական ուղղվածություն չունեմ և նախկինում այս խնդրի հետ կապված հրապարակային արտահայտվել եմ և քննադատել։ Ի՞նչ խնդիր կա՝ ընտանեկան բռնության զոհեր այդ հասկացության մեջ չորս ենթախմբեր են ներառվում, որտեղ կարող են նաև այդ ընտանեկան հասկացության մեջ ներառվել ԼԳԲՏ անձինք, խնդիր եմ տեսնում իրավական ակտի ընդունման անհրաժեշտության հետ կապված, այլ երկրներից ապաստան հայցողների հետ կապված կրկին պատուհան է բացվում ԼԳԲՏ անձանց մասով», - ասաց Զոհրաբյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանը ևս դեմ է կոնվենցիայի վավերացմանը։

«Այո, դեմ եմ, կոնվենցիան նպատակ ունի ապահովելու կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրը, ընտանեկան բռնության դեմ պայքարի խնդիրը և այլն, սակայն մենք պետք է հիշենք, որ մեր երկիրը վավերացրել է կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, մենք ընդունել ենք գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը, մենք ընդունել ենք կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների հնարավորությունների ապահովման օրենքը, մենք վերջապես ընդունել ենք ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքը, այսինքն՝ այս օրենքներն արդեն վաղուց հնարավորություն են տալիս իրականացնելու այն նպատակները, որոնք սահմանված են կոնվենցիայում, և լրացուցիչ փաստաթուղթ վավերացնել՝ նշանակում է գտնել այն տարբերությունները, որոնք կան այս փաստաթղթի և այն մի շարք փաստաթղթերի միջև, իսկ այդ տարբերությունները վտանգավոր են», - ասաց Կյուրեղյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․